Կկառուցվեն 6 արևային էլեկտրակայաններ 30 ՄՎ ընդհանուր հզորությամբ

01 Dec 2018

30 ՄՎ ընդհանուր դրվածքային հզորությամբ թվով 6 արևային էլեկտրակայանների (յուրաքանչյուր կայանի հզորությունը՝ 5 ՄՎ) տրվել են էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաներ։

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (PSRC) ս․թ․ նոյեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում ընդունվել են որոշումներ թվով 6 մասնավոր ընկերությունների արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ։ Համաձայն որոշումների սահմանված են հետևյալ ժամկետները՝ մինչև 2040 թվականի դեկտեմբերի 1-ը գործողության ժամկետ, որից կառուցման ժամանակահատվածը սահմանված է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը:

Յուրաքանչյուր արևային էլեկտրակայանի հզորությունը կազմում է 5 ՄՎ, ընդհանուր լիցենզավորված ընկերությունների հզորությունը՝ 30 ՄՎ։ 


Լիցենզավորված 6 ընկերություններից 4-ը՝ «Ա-Ս ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ («Ա-Ս Էներջի» արևային էլեկտրակայան), «ՊՐՈՄ ՍԻՆԹԵԶ» ՍՊԸ («Պրոմ Սինթեզ» արևային էլեկտրակայան), «ԲԱՐԻ ԱՐԵՎ» ՍՊԸ («Բարի Արև» արևային էլեկտրակայան) և «ՍՈԼԱՐ-5» ՍՊԸ («5Մ» արևային էլեկտրակայան) տեղակայված են ՀՀ Գեղարքունիքի մարզում, 1-ը՝ «ԲԱՐԻ ԱՐԵՎ» ՍՊԸ («Բարի Արև-1» արևային էլեկտրակայան) ՀՀ Արագածոտնի մարզում, 1-ը՝ «ՔԼԻՆ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ («Վայոց Արև-1» արևային էլեկտրակայան) ՀՀ Վայոց ձորի մարզում։

2018թ․ հոկտեմբերի 24-ին Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովը (PSRC) հաստատել էր մինչև 5 ՄՎտ հզորությամբ, 100 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ արևային ՖՎ կայանների սակագին ՝ 23,864 դր/ կՎտժ։

2017թ․հայտարարված "Մասրիկ-1" արևային ֆոտովոլտային կայանի կառուցման միջազգային մրցույթի արդյունքում 2018թ.-ին առաջարկվող սակագնի չափը կազմել էր 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ-ի (մոտ 20 դրամ):

2016թ. Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի կողմից սահմանվել էր մինչև 1 ՄՎտ, 10 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ արդյունաբերական մասշտաբի առաջին արևային ՖՎ կայանների սակագինը՝ 42,845 դր/կՎտժ: Համաձայն ՀԷՑ ՓԲԸ կողմից ԷՀԳ հիմնադրամին տրամադրված տեղեկատվության, 2018թ․նոյեմբերի դրությամբ 7 արևային էլեկտրակայաններ միացած են ցանցին։