Էլեկտրական մեքենաների շուկան զգալի զարգացում է ապրում

09 Oct 2018

Միայն 2017թ․-ին աշխարհում վաճառվել է 1․2 մլն էլեկտրական մեքենա՝ 2016թ․-ի ցուցանիշը գերազանցելով ավելի քան 58%-ով։

Էլեկտրոմոբիլների՝ մարդատար էլեկտրական մեքենաների շուկան վերջին տասնամյակում կտրուկ աճ է ապրել։ Միայն 2017թ․-ին աշխարհում վաճառվել է 1․2 մլն էլեկտրական մեքենա՝ 2016թ․-ի ցուցանիշը գերազանցելով ավելի քան 58%-ով։ Մեր օրերում ընդհանուր մեքենաների քանակը ամբողջ աշխարհում անցնում է 3 մլն-ը, իսկ լիցքավորման կայանների քանակն ավելի քան 400,000 է։
Հիմնական արտադրողներն են Չինաստանը, ԱՄՆ-ը և Եվրոպան։ Իսկ ահա Նորվեգիայի և Իսլանդիայի մոդելը ուսանելի են էլ․ մեքենաների և վերականգնվող էներգետիկայի համընթաց գործունեության արդյունավետության տեսանկյունից։
Հայաստանում մեքենաների թիվը, ըստ վերջին պաշտոնական տվյալների, չի անցնում 33-ից։ Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության զարգացումը հող է ստեղծում էլեկտրոմոբիլների շուկայի զարգացման համար։ Արևային ՖՎ կայանները էներգիայի անկախ և մատչելի աղբյուր են հանդիսանում մեքենաների լիցքավորման համար՝ նպաստելով ցանցի կարգավորմանը, էլ․էներգիայի կուտակմանը։
Բիզնես-միջավայրում արդեն նկատելի է հետաքրքրությունը նորարար տեխնոլոգիայով և արդյունքները շուտով ակնառու կլինեն։ ԱԳԲԱ Լիզինգ ՎԿ ՓԲԸ-ն վերջերս “ARMENIA EXPO 2018" միջազգային ցուցահանդես-ֆորումին ներկայացրեց Nissan Leaf մակնիշի էլ․մեքենայի ձեռքբերման հնարավորությունը «Գրին Լիզինգ»-ի միջոցով: «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամը առաջիններից մեկն արձագանքեց և էլեկտրական մեքենայի ձեռքբերման պայմանավորվածություն ամրագրեց ընկերությաան հետ:
Ավելին, Գործակալությունը PLUG.am ծրագրի շրջանակներում նպատակ ունի խթանել ենթակառուցվածքների զարգացմանն ու ստեղծել նախադրյալներ Հայաստանում էլեկտրական մեքենաների թվաքանակի ավելացման համար։

Էլեկտրական շարժիչով մեքենայի պատմությունը սկսվում է դեռևս 1827թ-ից՝ հունգարացի ինժեներ Անիոս Ջեդլիկի հայտնագործությամբ։ Մասսայական հետաքրքրությունը այս տեխնոլոգիայով վերածնվեց միայն 21-րդ դարասկզբին։

Նմանատիպ մեքենայի առավելությունը վառելիքի՝ էլեկտրական էներգիայով փոխարինումն է, ինչի հետևանքով կրճատվում են նավթային վառելիքի այրումից առաջացող ածխաթթու գազի և այլ ջերմոցային գազերի արտանետումները։ Օդի աղտոտվածությունը, սմոգի գոյացումը, երթևեկության աղմուկը և այլ խնդիրներ կարող են հեռանկարային լուծում ստանալ այս տեխնոլոգիայի միջոցով։