Էլեկտրոմոբիլների ներմուծումը կարող է ազատվել ԱԱՀ-ից

01 Nov 2018

Նոյեմբերի 1-ին առաջարկվել է օրենսդրական փոփոխության նախագիծ՝ խթանելու էլեկտրոմոբիլների շուկայի զարգացումը ՀՀ-ում

Նոյեմբերի 1-ին ՀՀ Բնապահպանության Նախարարության կողմից առաջարկվել է օրենսդրական փոփոխության նախագիծ որը միտված է խթանելու էլեկտրոմոբիլների շուկայի ակտիվացումը։

ՀՀ հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածում առաջարկվել է կատարել լրացում՝ ներառելով լիովին էլեկտրական էներգիայով աշխատող մեքենաների ներմուծումը ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում, եթե դրանք ներմուծման օրվան հաջորդող 365 օրվա ընթացքում չեն արտահանվում (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններ): Նշված մոտեցումը ուղղված է ԵՏՄ անդամ մյուս պետություններ արտահանումը կանխարգելելուն, առևտրային արբիտրաժից խուսափելուն։ Նախատեսվում է որ օրենքը ուժի մեջ կմտնի 2019 թվականի հուլիսի 1-ից և կգործի մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նպատակը ջերմոցային գազերի արտանետումների կրճատումն է, օդի աղտոտվածության և աղմուկի նվազեցումը։

Մինչ այս Հայաստանում ներդրվել են որոշակի արտոնություններ հիբրիդային և էլեկտրական շարժիչներով աշխատող մեքենաների օգտագործման մասսայականացման համար։ Այս մեքենաների սեփականատերերը ազատվում են մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկից, իսկ Երևանում՝ ավտոկայանատեղի վճարից։

Նշված արտոնությունները, սակայն, շոշափելի արդյունքի չեն հանգեցրել։ Պաշտոնական տվյալներով՝ այս պահի դրությամբ ՀՀ-ում էլեկտրոմոբիլների քանակը չի գերազանցում մի քանի տասնյակը։ Մինչդեռ վերոհիշյալ նախագիծը ավելի խոստումնալից է։ Էլեկտրական մեքենաների ձեռքբերումը նոր թափ կստանա ԱԱՀ-ի բեռից ազատման դեպքում։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հենց այս արտոնությունն է շուկայի ակտիվացման ամենաարդյունավետ միջոցը։ Համաշխարհային խոշորագույն սպառողներից Նորվեգիան դեռևս 1990թ․-ից կիրառում է այս մեթոդը՝ այնուհետ ընդգրկելով ոչ միայն ներմուծման, այլև գնման և լիզինգի գործարքները։ Արդյունքում, մինչև 2025թ․ Նորվեգիան նախատեսում է, որ բոլոր նոր գնված մեքենաները կլինեն ամբողջությամբ էլեկտրական կամ հիբրիդ։

Նոյեմբերի 15-ից Էներգետիկայի Հայկական Գործակալությունը մեկնարկում է PLUG.am ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը՝ նույնպես ուղղված էլեկտրոմոբիլների շուկայի զարգացմանը։

Գործակալությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի ծրագրի մանրամասների մասին: