ՀՀ Կառավարության ծրագրի նախագիծը հրապարակվել է 2019թ․-ի Փետրվարի 8-ին

08 Feb 2019

Կառավարության ծրագրի 6․2 Հոդվածն ամբողջությամբ նվիրված է ՀՀ Էներգետիկ Բնագավառին

Մեջբերում ՀՀ Կառավարության Ծրագրից (Հավելված 8 փետրվարի 2019 թվականի N 65-Ա Որոշման)

 

6.2. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԲՆԱԳԱՎԱՌԸ


Հայաստանի տնտեսության համընթաց զարգացման ենթատեքստում Կառավարության քաղաքականությունն էներգետիկայի ոլորտում ուղղված է երկրի էներգետիկ անկախության ապահովմանն ու անվտանգության բարձրացմանը, տարածաշրջանային ինտեգրման գործընթացի ապահովմանը, էներգետիկ ոլորտի կայուն զարգացմանը` հենվելով տեղական առաջնային (վերականգնվող) էներգապաշարների լիիրավ և արդյունավետ օգտագործման, ատոմային էներգետիկայի հետագա զարգացման, էներգակիրների մատակարարման տարատեսականացման և էներգաարդյունավետ ու նոր տեխնոլոգիաների ներդրման վրա:

Ներկայումս էներգահամակարգն ամբողջովին բավարարում է էլեկտրաէներգետիկայի ներքին շուկայի պահանջարկը և ունի էլեկտրաէներգիայի արտահանման ավելացման ներուժ: Ներքին շուկայի կարիքներից ելնելով՝ ներդրումները խթանելու և Վրաստանի ու Իրանի հետ առևտրի հնարավորություններն օգտագործելու նպատակով Կառավարությունը ձեռնամուխ է լինելու`


- էլեկտրաէներգետիկական համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիների մշակմանը․

- Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում իրացման նոր էներգետիկ շուկաներ փնտրելուն, ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախության ապահովմանը․

- նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման համար օրենսդրական խթանների ձևավորմանը, էներգետիկայի բնագավառի զարգացմանը և էներգաարդյունավետության միջոցառումների ներդրմանն ուղղված քաղաքականության ապահովմանը․

- հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգմանը և արդիականացմանը, որով կապահովվի հայկական ԱԷԿ-ի արդյունավետ և անվտանգ աշխատանքը` շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում․

- Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի մշակմանը՝ հաշվի առնելով հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի պահպանման, ինչպես նաև էներգետիկայի բնագավառի գիտելիքահենք ուղղության կարևորությունը.

- տարածաշրջանային ինտեգրման ապահովման նպատակով՝ Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ծրագրերի իրականացմանը: Նշված էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ավարտից և շահագործման հանձնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում հանդես կգա որպես էլեկտրաէներգետիկ ոլորտի տարածաշրջանային հաբ՝ կապելով Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը.

- վերականգնվող էներգիայի աղբյուրների արդյունավետ օգտագործմանը և զարգացման խթանմանը։

Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմները և թողունակությունը գնահատելով՝ կիրականացվեն արևային համակարգային կայանների մրցութային եղանակով կառուցման ծրագրեր` մինչև 2022 թվականը ներքին սպառման կառուցվածքում այդ կայանների կշիռը հասցնելով առնվազն 10 տոկոսի: