Պետական գույքը կարող է ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ լինել

25 Jul 2019

Օրենքի նախագիծը սահմանում է էներգաարդյունավետության պարտադիր չափորոշիչներ պետության կարիքների համար ձեռք բերվող որոշ էներգասպառող ապրանքատեսակների համար։

Ս․թ․ Հուլիսի 11-ին ՀՀ Տարածքային կառավարման և Ենթակառուցվածքների Նախարարության կողմից ներկայացվել է «Էներգախնայողության և Վերականգնվղ Էներգիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Գործող օրենքը թեև սահմանում է էներգասպառող սարքերի և սարքվածքների շրջանառությանը ներկայացվող ընդհանուր պահանջները, բայց էներգաարդյունավետության բնութագրերի մասով պահանջներ չի ներառում: Հետևաբար, պետությունը զգալի վնասներ է կրում, ձեռքբերելով և գործարկելով ոչ էներգաարդյունավետ միջոցներ։

Պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող ապրանքատեսակները կհամապատասխանեն սահմանված էներգաարդյունավետության չափանիշներին։

  • էներգաարդյունավետության պիտակավորումն ու պիտակի ձևը սահմանվում է ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով և/կամ ՀՀ կառավարության որոշումներով;
  • պիտակավորմանը ենթակա ապրանքատեսակների խմբերի ցանկը, էներգետիկ բնութագրերի պարտադիր պահանջները սահմանում է ՀՀ Կառավարությունը «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան;
  • պիտակավորումը դիտարկվում է որպես որակի սերտիֆիկատ, որը գնվող ապրանքի բաղկացուցիչ մաս է։

Օրենքի ընդունման արդյունքնում պետությունը ոչ միայն կապահովի էլ․էներգիայի ծախսի երկարաժամկետ տնտեսում, այլև սեփական օրինակով կխրախուսի էներգաարդյունավետ տեխնոլոգիաների տարածումը։

Նման քայլը կնպաստի նաև կլիմայի փոփոխության, բնապահպանության շուրջ միջազգային պայմանավորվածությունների կատարմանը։ Հայաստանը պատրաստականություն ձեռք կբերի ԵԱՏՄ համապատասխան տեխնիկական կանոնակարգի ներդրման հետ կապված մարտահրավերներին դիմակայելու համար և կհստակեցնի իր դիրքորոշումը ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունների մի մասի՝ կարգավորումների ներդաշնակեցման վերաբերյալ։

էներգախնայողությունը համարվում է երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության մեծացման և շրջակա մջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց: