Ներդրումային հնարավորություններ
Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման Ներդրումային ծրագիր
Վերջին տարիների ընթացքում մոտ 80%-ով նվազել է արևային ֆոտովոլտային (ՖՎ) կայանների տեխնոլոգիաների արժեքը, ուստի և կապիտալ ներդրումների ծավալը` արդյունաբերական մասշտաբի արևային ՖՎ տեխնոլոգիան Հայաստանում առկա էլեկտրաէներգիայի արտադրության մյուս տեխնոլոգիաների նկատմամբ դարձել է մրցունակ: Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ դրա արդյունքում, ինչպես նաև Կլիմայի ներդրումային հիմնադրամի (ԿՆՀ) Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի (ՎԷԸԾ) միջոցներն օգտագործելով, և հավելյալ նման մեղմ ֆինանսավորում ներգրավելով, հնարավոր է էլեկտրաէներգետիկ համակարգում ՖՎ կայանների համար ստանալ մրցունակ սակագին, որի արդյունքում կբացառվի բացասական ազդեցությունը վերջնական սպառողների համար սահմանված էլեկտրական էներգիայի սակագների վրա, ինչը հնարավորություն կտա կառուցել ավելի մեծ հզորությամբ կայաններ:
Արևային ՖՎ տեխնոլոգիաների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը դիմել է ԿՆՀ ՎԷԸԾ-ին՝ մեղմ ֆինանսավորում ստանալու համար: Այդ նպատակով կազմված վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագիրը (Ներդրումային ծրագիր) հաստատվել է ֆինանսավորող կառույցի կողմից 2014թ.: Ներդրումային ծրագրի բաղադրիչներից մեկի համաձայն, ԿՆՀ-ն Համաշխարհային Բանկը (ՀԲ) ՀՀ կառավարությանը Հայաստանում առաջին արևային ՖՎ կայանների կառուցման և երկրում ՖՎ տեխնոլոգիաների ընդլայնման նպատակով հատկացրել են դրամաշնորհային և մեղմ վարկային միջոցներ:
Ներդրումային ծրագրի շրջանակներում ՀԲ-ի միջոցով հատկացված 2 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհով իրականացվել է Ծրագրի նախապատրաստման գործընթացը: Ծրագրի նախապատրաստման գործընթացի շրջանակներում կազմվել է Հայաստանի արևային քարտեզ: Հիմք ընդունելով առկա տվյալները՝ արդյունաբերական մասշտաբի արևային ՖՎ կայաններ կառուցելու նպատակով ընտրվել են 6 տեղանքներ/հողատարածքներ: Ընտրված 6 տեղանքներում հնարավոր է տեղադրել ընդհանուր մոտ 110 ՄՎտ գումարային հզորությամբ արևային ՖՎ կայաններ:
ՀՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի 29-ի նիստի № 53 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած «Արևային ֆոտովոլտային (ՖՎ) կայանի կառուցման ներդրումային ծրագրի» առաջին փուլում նախատեսված է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մասրիկ տեղանքում կառուցել Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայան:
2017թ. ապրիլի 28-ին հայտարարվել էր Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի մրցույթի նախաորակավորման հրավերը, որին մասնակցելու համար ներկայացված հայտատուների թիվը գերազանցել էր 20-ը։
2018 թ. մարտի 21-ին ավարտվել է ՀՀ-ում Մասրիկ-1 55 ՄՎտ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի համար հայտարարված միջազգային մրցույթը: Մրցույթի պայմանների համաձայն նվազագույն սակագին է ներկայացրել նիդեռլանդական «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչըս» և իսպանական «ԷֆԷսԷլ Սոլար» ընկերություններից կազմված կոնսորցիումը: Այն կազմում է 4.19 դոլար ցենտ 1 կՎտxժ- ի համար (մոտ 20.11 ՀՀ դրամ) առանց ԱԱՀ-ի: 2018թ. հուլիսի 18-ին՝ ստորագրվեց «Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին» ՀՀ կառավարության աջակցության համաձայնագիրը: 2018 թվականի հոկտեմբերի 25-ին «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ն (կառուցապատող) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ) ստացել է էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության լիցենզիա, իսկ ներդրումների ծավալը գնահատվել է մոտ 58 մլն ԱՄՆ դոլար:
Այնուհետև հաջորդելու են ևս 5 կայանների կառուցումը՝ ընդհանուր մոտ 60 ՄՎտ հզորությամբ:
Բոլոր վեց կայանների էլեկտրական էներգիայի տարեկան նախատեսվող արտադրությունը և ածխածնի երկօքսիդի կրճատումները
Տեղանքի/ համայնքի անվանում |
Դրվածքային հզորություն, /շուրջ/ (ՄՎտ) |
Տարեկան արտադրվող էլեկտրաէներգիա, /շուրջ/ (ԳՎտժ) |
Ածխածնի երկօքսիդի տարեկան արտանետումների կրճատում, |
Թալին |
10 |
22 |
5427 |
Մասրիկ-1 (Կառուցման փուլում) |
50 |
90 |
22962 |
Մեծ Մասրիկ |
15 |
30 |
7515 |
Գագարին |
17 |
25 |
6262 |
Դաշտադեմ |
10 |
13 |
3340 |
Մերձավան |
7 |
11 |
2922 |
Ծրագրի իրականացումն ուղղված է ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործման մեխանիզմների ապահովմանը` ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանը, ՀՀ տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը, ՀՀ տնտեսական և էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը, էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը և ծառայությունների կազմակերպմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցությունների նվազեցմանը:
Ներկայումս մնացած 5 կայանների կառուցման համար նախապատրսատվում են տենդերային փաստաթղթերը: