Արևային էներգետիկա


Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է  տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով):

Արդյունաբերական մասշտաբի ՖՎ կայաններ

55 ՄՎ  «Մասրիկ 1» ՖՎ կայանի միջազգային մրցույթ

Հայաստանում անցկացված առաջին արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման միջազգային մրցույթի արդյունքում  Նիդերլանդներից Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V) և Իսպանիայից ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ. (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից առաջարկվել է աննախադեպ ցածր՝ 0.0419 ԱՄՆ դոլլար(20.11 դրամ)՝ առանց ԱԱՀ-ի սակագին:

Մասրիկ-1 կայանը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում՝ ամբողջությամբ օտարերկյա ներդրումների ներգրավմամբ: Կայանի հզորությունը թույլ կտա տարեկան արտադրել մինչև 120 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Ակնկալվող ներդրումների չափը մոտ 50 մլն ԱՄՆ դոլար է:
Մինչև 1 ՄՎտ հզորությամբ արևային ՖՎ կայաններ

2016թ. Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվեց մինչև 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ արդյունաբերական մասշտաբի արևային ՖՎ կայանների սակագինը: Միևնույն ժամանակ սահմանափակում դրվեց մինչև 10 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ: Համաձայն ՀԾԿՀ 2018թ. հուլիսի 1-ի տվյալների, լիցենզավորված 12 կազմակերպություններից 7-ը կայանները շահագործման են հանձնել, 4-ը գտնվում են շինարարության փուլում:

 

Մինչև 5 ՄՎտ հզորությամբ արևային ՖՎ կայաններ

24 հոկտեմբերի 2018թ․ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովը մինչև 5 ՄՎտ հզորությամբ արտադրական արևային կայանների սակագինը սահմանեց 23․864 ՀՀ Դրամ/ԿՎտ։ Գումարային դրվածքային հզորությունը կարող է լինել մինչև 100 ՄՎտ։

2018թ․-ի դրությամբ 30 ՄՎ ընդհանուր դրվածքային հզորությամբ թվով 6 արևային էլեկտրակայաններ (յուրաքանչյուր կայանի հզորությունը՝ 5 ՄՎ) ստացել են էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաներ։

Զարգացման ծրագրեր

Ինքնավար էներգաարտադրողների մասսայականացում

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում ինքնավար էներգաարտադրողների մասսայականացմանն ուղղված խթանիչ միջոցառումների իրականացման շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017թ. դեկտեմբերի 21-ին ընդունվել են ՀՕ-262-Ն և ՀՕ-261-Ն օրենքները:  «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում վերանայվել է 150 կՎտ սահմանաչափը` արդյունքում սահմանվելով 500 կՎտ իրավաբանական անձանց համար: Էլեկտրական էներգիայի խոշոր սպառողների համար ստեղծվել են օրենսդրական հիմքեր` բացառապես սեփական կարիքների բավարարման նպատակով ինքնավար էներգաարտադրողների գործառույթներն իրականացնելու համար: «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում սահմանվել է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակներում մատակարարած (հանձնած) էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում չտրամադրելու ծավալի վերաբերյալ դրույթ և բարելավվել է փոխհոսքեր իրականացնելու ռեժիմային ժամանակագրությունը:  

Չգազաֆիկացված համայնքներում արևային տեխնոլոգիաների զարգացում

Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում 2017թ. օգոստոսին մեկնարկել է «Էներգաարդյունավետ» վարկային ծրագիրը, որը արդյունք է պետություն- մասնավոր հատված- ֆինանսական կառույցներ կառուցողական համագործակցության: Ծրագրի շահառուներն են 282 չգազաֆիկացված համայնքների 38,242 ընտանիքներ ովքեր հնարավորություն կունենան օգտվելու հատուկ ֆինանսական գործիքից և արդյունավետ օգտագործելու արևի էներգիան։ Ծրագրի շրջանակներում 2019 թվականի փետրվար ամսվա դրությամբ աշխատանքներ են իրականացվել 126 համայնքներում, տեղադրվել է 2083 ջրատաքացուցիչ և 71 ֆոտովոլտային համակարգեր: 

2019թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀԷՑ-ին միացված են 1145 ինքնավար էներգաարտադրողներ շուրջ 17 ՄՎտ հզորությամբ և ընթացքի մեջ են 88-ը՝ շուրջ 2.43 ՄՎտ գումարային հզորությամբ:


2018թ. Դեկտեմբերի 1-ի դրությամբ չգազաֆիկացված համայնքներում տեղադրված են 1654 ջրատաքացուցիչներ: