Էներգետիկ համակարգի կառուցվածք
էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացվածությունը, տարածաշրջանային ինտեգրացումն ու էներգաարդյունավետությունը էներգետիկ անկախության հենասյուներն են։
«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի գործունեության կարևորագույն նպատակներից է աջակցել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության տնտեսապես հիմնավորված ներուժի կայուն զարգացմանը և տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը: Վերոնշյալ ուղղությունների զարգացման շնորհիվ կարող ենք հասնել էներգետիկ անկախության և բարձրացնել էներգետիկ անվտանգության մակարդակը:
Տարածաշրջանային ինտեգրացում
Հայաստանում էներգետիկ ոլորտի զարգացման կարևորագույն ուղղություններից է տարածաշրջանային ինտեգրումը։
Հայաստանի Հանրապետությունն ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդին անդամակցում է 1992 թվականից: 2015թ․-ին Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47-րդ նիստը։
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված են երկու համաձայնագրեր, որոնք նպատակաուղղված են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու աշխատանքների իրականացմանը:
Էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցում
KfW բանկի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի էներգահամակարգի ենթակառուցվածքների ու գծերի արդիականացման և նորերի կառուցման համար: Տարածաշրջանային ինտեգրման տեսանկյունից կարևորվում է Իրան-Հայաստան և Հայաստան–Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը։
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացում
Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փորձագետների հետ համատեղ մշակված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը 2017թ. ներկաայցվել է ՀՀ Կառավարությանը:
2018թ. փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը։ Սույն որոշումների ընդունումով արձանագրվեց ՀՀ Էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման գործընթացը:
Էներգախնայողություն
էներգախնայողությունը համարվում է երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության մեծացման և շրջակա մջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց:
ՀՀ կառավարության կողմից վարվում է տնտեսության բոլոր ճյուղերում էներգախնայողությունը խթանելու քաղաքականություն:
2015թ. Դեկտեմբերի 10-ին ՀՀ Կառավարության նիստում հաստատվել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ռազմավարական ծրագիրը: Փաստաթղթում ներկայացված միջոցառումները պայմանականորեն բաժանված են երկու ժամանակահատվածների. միջնաժամկետ՝ մինչև 2025թ. և երկարաժամկետ՝ մինչև 2036թ.։
Ծրագրի իրականացման արդյունքում կփոխվի ներքին սպառման էներգաարտադրության կառուցվածքը, վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը էներգաարտադրության կառուցվածքում կհասնի շուրջ 40 տոկոսի։
2017թ. փետրվարի 2-ի № 4-7 արձանագրային որոշմամբ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «2017-2018 թվականների Հայաստանի Հանրապետության էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլին» (ԷԳԾ-2): Սույն որոշման ընդունմամբ սահմանվել են նոր միջոցառումներ, որոնք կօժանդակեն ՀՀ էներգախնայողության քաղաքականության հետագա ձևավորմանը և դրա իրականացմանն ուղղված կոնկրետ քայլերի որոշակիացմանը:
Իրավական կարգավորումներ և ծրագրեր
- «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենք (2004թ.),
- «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագիր» (2007թ.),
- «Հայաստանի Հանրապետության էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի կատարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների ծրագրիր» (2010թ.)
- «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի կարգադրություն» (2013թ.),
- «ՀՀ էներգետիկ անվտանգություն գործողությունների 2014-2020թթ. ծրագիր» (2014թ.)
- «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ռազմավարական փաստաթուղթ (2015թ.):
Այլ ռեսուրսներ
Երկրաջերմային էներգետիկա
Երկրի ընդերքի ջերմությունը էներգիայի խոշոր և գործնականում անսպառ աղբյուր է:
Կատարված ուսումնասիրությունների շնորհիվ հայտնաբերվել են մի շարք տեղամասեր, որոնցից երեքում կատարված երկրաֆիզիկական հետազոտությունները հաստատել են հրաբխային չսառած մագմատիկ օջախների առկայությունը։
«Ջերմաղբյուր» երկրաջերմային հարթակ
Գտնվում է Սիսիանի շրջանում, Ջերմաղբյուր գետի «Բուգուրչայ» վերին հոսանքում, 2650-3000 մ բացարձակ բարձրության վրա։ Երկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ մոտ 2500-3000 մետր խորության վրա առկա են բարձր ճնշմամբ (20-25 մթն. ճնշ.) տաք ջրի (մինչև 250օC) պաշարներ:
«Գռիձոր» և «Կարկառ» երկրաջերմային հարթակներ
Հարթակները գտնվում են Ջերմաղբյուրի տեղամասից 7 կմ հարավ-արևելք, Սյունիքի լեռնաշղթայի ջրբաժանային մասում, 2750-3100 մ բացարձակ բարձրության վրա: Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու Զարգացման Միջազգային Բանկի համատեղ ֆինանսական միջոցներով «Գռիձոր» և «Կարկառ» երկրաջերմային հարթակներում ավարտվել են համապատասխան երկրաֆիզիկական հետազոտությունները:
Այլ երկրաջերմային տեղամասերից հատկապես հայտնի են Սիսիանի, Վայոց սարի, Ակնալճի, Ղոլղաթի, Հայկական ատոմակայանի, Մուխանի և այլ տեղամասեր:
Կենսազանգվածի էներգետիկա
Կենսագազ
Կենսագազի ստացման պոտենցիալը Հայաստանում տարեկան մոտ 135 մլն մ3 է: Այս բնագավառում դեռ առաջին ծրագրերն են իրականացվում, մեծ է միջազգային ներդրողների ուշադրությունը ոլորտի նկատմամբ:
Կենսաէթանոլ
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, Համաշխարհային Բանկի և Համաշխարհային բնապահպանական հաստատության դրամաշնորհի օժանդակությամբ, իրականացրել է «Հայաստանում կենսաէթանոլի արտադրության և յուրացման ներուժի և հեռանկարայնության գնահատում» աշխատանքների կազմակերպումը: Ծրագրի շրջանակներում, երկարաժամկետ հեռանկարի համար կենսաէթանոլի արտադրության ներուժը գնահատվել է մոտ 30000 տոննա տարեկան, ինչը կազմում է Հանրապետությունում սպառվող բենզինի միջին տարեկան ծավալի մոտ 10%-ը: Կենսաէթանոլը առավելագույնս արդյունավետ արտադրելու համար որպես հումք խորհրդատուի կողմից առաջարկվել են այնպիսի գյուղատնտեսական մշակաբույսեր ինչպիսիք են` գետնախնձորը և եգիպտացորենը, ինչպես նաև ցելյուլոզային հումքը:
Հողմային էներգետիկա
Հողմային էներգետիկան Հայաստանում զարգացող և բավական լուրջ պոտենցիալ ունեցող ուղղություներից մեկն է:
Տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը գնահատվում է մոտ 450 ՄՎտ և 1.26 մլրդ. կվտժ էլ. էներգիայի տարեկան արտադրանքով: Հիմնական հեռանկարային տեղանքներն են` Զոդի լեռնանցք, Բազումի լեռներ՝ Քարախաչի և Պուշկինի լեռնանցքներ, Ջաջուռի լեռնանցք, Գեղամա լեռների շրջանը, Սևանի լեռնանցքը, Ապարանի շրջանը, Սիսիանի և Գորիսի միջև գտնվող բարձունքային գոտին և Մեղրիի շրջանը:
2018թ. Հուլիսի 1-ի դրությամբ Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների Հայաստանում գործում են 3 հողմաէլեկտրակայան ընդհանուր 2.910 մՎ դրվածքային հզորությամբ, շինարարության մեջ են ևս 2 հողմակայան 5.320 մՎ դրվածքային հզորությամբ:
Ընթացիկ միջազգային ներդրումային ծրագրեր
2017թ. մարտի 30-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերության միջև Հայաստանում հողմաէլեկտրակայանի կառուցման ծրագրի մասին ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է ՀՀ-ում 100-150 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանների կառուցում: 2017 թվականի դեկտեմբեր ամսին ընկերությունը սկսել է քամու ներուժի գնահատման աշխատանքների իրականացումը: Տեղադրվել են երկու 80 մետր բարձրության քամու ներուժի մոնիթորինգային կայաններ և մեկ «Sodar» համակարգ: Յուրաքանչյուր կայան համալրված է 8 հողմաչափով, 3 հողմացույցով, 2 ջերմա-խոնավաչափով և 1 մթնոլորտային ճնշաչափով:
2017 թվականի մարտի 30-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ աջակցություն է ցուցաբերվում Արաբական միացյալ էմիրության «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը ՀՀ-ում մինչև 150 ՄՎտ հզորությամբ քամու կայաններ կառուցելու համար։
Ջերմային էներգետիկա
2017թ. Ջերմային էլեկտրակայանների կողմից ընդհանուր առմամբ առաքվել է 2.742.933.455 կՎտժ էլեկտրական էներգիա, ինչը կազմում է ՀՀ-ում առաքվող էլեկտրական էներգիայի 37.2%-ը։
Պատմությունը
Վառելիքաէներգետիկ սահմանափակ պաշարներ ունեցող ԽՍՀՄ-ի հարավային շրջաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը իրականացվել է ջերմաֆիկացման բազայի վրա: Այդ պատճառով, Հայաստանի արդյունաբերական էներգատար կենտրոններում սկսվեց ջերմաէլեկտրակենտրոնների կառուցումը. 1960թ.՝ Երեւանում, 1961թ.՝ Վանաձորում, 1963թ.՝ Հրազդանում:
Գործող միավորներ և հզորություններ
«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվը՝ 1963 թ.
Հզորությունը՝ 550 ՄՎտ (ջերմության առաքման հզորությունը՝ 630 ԳԿալ/ժ)
2005թ. մարտի 29-ին Հայաստանի հանրապետության կառավարության և միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի (ՄՀՃԲ) միջև ստորագրվել է ARM-P2 Փոխառության Համաձայնագիրը «Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (էներգաբլոկ) նախագծի» իրականացման վերաբերյալ։ Համաձայնագրով նախատեսվում էր ջերմաէլեկտրակայանին հարակից տարածքում կառուցել գերժամանակակից, բարձրարտադրողական, բարձրարդյունավետ, բնապահպանական տեսակետից ավելի անվտանգ, լրիվ ավտոմատ կառավարմամբ համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էլեկտրակայան:
Ներդրվող նոր տեխնոլոգիաների շնորհիվ բարձրացել է կայանի ընդհանուր օգտակար գործողության գործակիցը՝ հասնելով մոտ 70 % -ի, շուրջ երկու անգամ նվազել է վառելիքի տեսակարար ծախսը:
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ
Հիմնադրման տարեթիվը՝ 1966 թ.
Հզորությունը՝ 300 ՄՎտ (ջերմության առաքման հզորությունը՝ 560 ԳԿալ/ժ)
«Հրազդան ՋԷԿ» -ը Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռներեցության արդյունավետ համագործակցության օրինակ է: Ընկերության բաժնետոմսերի 100%-ը Ռուսաստանի Դաշնության Կառավարության որոշումով փոխանցվել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ» ԲԲԸ-ին, որը հանդիսանում է դինամիկ զարգացող էլեկտրաէներգետիկական ընկերություն և հսկողություն է իրականացնում մի շարք արտադրող և բաշխող էներգետիկ ակտիվների նկատմամբ Ռուսաստանում և արտասահմանում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (Հրազդան -5)
Հզորությունը՝ 458,5 ՄՎտ
«Հրազդան- 5»-ը նորագույն տեխնոլոգիական լուծումներով եզակի կառույց է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի գազաէներգետիկ ոլորտում: Այստեղ կիրառվում է էլեկտրաէներգիայի արտադրության նոր եղանակ` համակցելով շոգետուրբինային և գազատուրբինային տեխնոլոգիաները: Էներգաբլոկի շահագործումը մասնակցություն է ապահովում էլեկտրաէներգիայի արտադրության ներքին շուկայում և հնարավորություն ստեղծում ծրագրեր մշակել արտահանման շուկաների ուղղությամբ:
Հիդրոէներգետիկա
Հիդրոէներգետիկան պատմականորեն եղել է Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական աղբյուրներից մեկը։ Ներկայումս Հայաստանի հիդրո էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը կազմում է 1324․4 ՄՎտ․
Խոշոր Հիդրոէլեկտրակայաններ (ՀԷԿ)
1․ Սևան-Հրազդան Կասկադ - «ՌուսՀիդրո» ԲԲԸ
Դրվածքային հզորություն - 560 ՄՎտ
Արտադրված էլ․էներգիա 2017թ․-ին - 454.929.604 կՎտժ (ըստ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի)
Սևան-Հրազդան Կասկադն ընդգրկում է 7 ՀԷԿ՝ Սևանի (34 ՄՎտ), Հրազդանի (81 ՄՎտ), Արգելի (224 ՄՎտ), Արզնիի (70 ՄՎտ), Քանաքեռի (102 ՄՎտ), Երևանի 1-ին (44 ՄՎտ) և Երևանի 3-րդ (5 ՄՎտ) ՀԷԿ-երը։ Բոլորը տեղակայված են Հրազդան գետի վրա և գործարկումեն Սևանի ոռոգման ու Հրազդանի աղբյուրի ջրերը։
2․ Որոտան Կասկադ - «Քոնթուրգլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ
Դրվածքային հզորություն - 404 ՄՎտ
Արտադրված էլ․էներգիա 2017թ․-ին - 934.558.255 կՎտժ (ըստ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի)
Որոտանի Կասկադն ընդգրկում է երեք ՀԷԿ-եր, որոնք տեղակայված են Սյունիքի մարզի Որոտան գետի վրա՝ Սպանդարյանի (74ՄՎտ), Շամբի (171ՄՎտ) և Տաթևի(157 ՄՎտ)։ Կասկադը գործարկում է և՛ աղբյուրի, և՛ գետի ջրերը։
Հայաստանի Փոքր ՀԷԿ-երը
Փոքր հէկ-երի զարգացումը (ՓՀԷԿ) Հայաստոնում մեծ հաջողություն է գրանցել վերջին երկու տասնամյակների ընթացքում։ Ըստ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի՝ 2018թ․-ի Հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գործում են 186 կայաններ՝ 360․4 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ։ 33 ՓՀԷԿ-եր գտնվում են շինարարության փուլում՝ մոտ 63․2 ՄՎտ նախատեսված հզորությամբ և տարեկան 222 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ։
ՀՀ Կառավարության Ն 1300-Ա Որոշմամբ 2011թ․-ի Սեպտեմբերի 8-ից 30ՄՎտ-ից պակաս հզորությամբ կայանները համարվում են ՓՀԷԿ-եր։
2017թ․-ին ՓՀԷԿ-երի համընդհանուր էլեկտրական էներգիայի արտադրությունը կազմել է 844 միլիոն կՎտժ, ինչը Հայաստանում արտադրված ընդհանուր էլ․էներգիայի 11.4%-ն է (ընդամենը՝ 7409․4 միլիոն կՎտժ)։ Ավելին, այն ներառվում է Հայաստանում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների մեջ, որը 2017թ. ապահովել է երկրի ամբողջ էլ․էներգիայի արտադրության 31%-ը (վերականգնվող ռեսուրսներից ընդհանուր առմամբ առաքվել է՝ 2255.1 մլն կՎտժ)։
Փոքր հիդրոէներգետիկան Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ամենազարգացած ճյուղն է։ Ըստ «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման» հայեցակարգի (ընդունված 2016թ․ դեկտեմբերի 29-ին)՝ ՓՀԷԿ-երի զարգացման հիմնական նպատակները իրագործման շեմին են։ Այնուամենայնիվ՝ նկատվում է առաջընթաց և արտադրողականության բարձրացման նոր հնարավորություններ: Այնուամենայնիվ ՓՀԷԿ ոլորտը առողջացման ծրագրի կարիք ունի, որը կկարգավորի առկա հիմնախնդիրները կայանների վերազինման, արդյունավետության բարձրացման և միջազգային տեխնիկական, բնապահպանական չափանիշներին համապատասխանեցման գործում։
Արևային էներգետիկա
Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով):
Արդյունաբերական մասշտաբի ՖՎ կայաններ
55 ՄՎ «Մասրիկ 1» ՖՎ կայանի միջազգային մրցույթ
Հայաստանում անցկացված առաջին արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման միջազգային մրցույթի արդյունքում Նիդերլանդներից Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V) և Իսպանիայից ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ. (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից առաջարկվել է աննախադեպ ցածր՝ 0.0419 ԱՄՆ դոլլար(20.11 դրամ)՝ առանց ԱԱՀ-ի սակագին:
Մասրիկ-1 կայանը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում՝ ամբողջությամբ օտարերկյա ներդրումների ներգրավմամբ: Կայանի հզորությունը թույլ կտա տարեկան արտադրել մինչև 120 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Ակնկալվող ներդրումների չափը մոտ 50 մլն ԱՄՆ դոլար է:
Մինչև 1 ՄՎտ հզորությամբ արևային ՖՎ կայաններ
2016թ. Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվեց մինչև 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ արդյունաբերական մասշտաբի արևային ՖՎ կայանների սակագինը: Միևնույն ժամանակ սահմանափակում դրվեց մինչև 10 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ: Համաձայն ՀԾԿՀ 2018թ. հուլիսի 1-ի տվյալների, լիցենզավորված 12 կազմակերպություններից 7-ը կայանները շահագործման են հանձնել, 4-ը գտնվում են շինարարության փուլում:
Մինչև 5 ՄՎտ հզորությամբ արևային ՖՎ կայաններ
24 հոկտեմբերի 2018թ․ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովը մինչև 5 ՄՎտ հզորությամբ արտադրական արևային կայանների սակագինը սահմանեց 23․864 ՀՀ Դրամ/ԿՎտ։ Գումարային դրվածքային հզորությունը կարող է լինել մինչև 100 ՄՎտ։
2018թ․-ի դրությամբ 30 ՄՎ ընդհանուր դրվածքային հզորությամբ թվով 6 արևային էլեկտրակայաններ (յուրաքանչյուր կայանի հզորությունը՝ 5 ՄՎ) ստացել են էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաներ։
Զարգացման ծրագրեր
Ինքնավար էներգաարտադրողների մասսայականացում
Վերականգնվող էներգետիկայի ոլորտում ինքնավար էներգաարտադրողների մասսայականացմանն ուղղված խթանիչ միջոցառումների իրականացման շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017թ. դեկտեմբերի 21-ին ընդունվել են ՀՕ-262-Ն և ՀՕ-261-Ն օրենքները: «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում վերանայվել է 150 կՎտ սահմանաչափը` արդյունքում սահմանվելով 500 կՎտ իրավաբանական անձանց համար: Էլեկտրական էներգիայի խոշոր սպառողների համար ստեղծվել են օրենսդրական հիմքեր` բացառապես սեփական կարիքների բավարարման նպատակով ինքնավար էներգաարտադրողների գործառույթներն իրականացնելու համար: «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում սահմանվել է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակներում մատակարարած (հանձնած) էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում չտրամադրելու ծավալի վերաբերյալ դրույթ և բարելավվել է փոխհոսքեր իրականացնելու ռեժիմային ժամանակագրությունը:
Չգազաֆիկացված համայնքներում արևային տեխնոլոգիաների զարգացում
Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում 2017թ. օգոստոսին մեկնարկել է «Էներգաարդյունավետ» վարկային ծրագիրը, որը արդյունք է պետություն- մասնավոր հատված- ֆինանսական կառույցներ կառուցողական համագործակցության: Ծրագրի շահառուներն են 282 չգազաֆիկացված համայնքների 38,242 ընտանիքներ ովքեր հնարավորություն կունենան օգտվելու հատուկ ֆինանսական գործիքից և արդյունավետ օգտագործելու արևի էներգիան։ Ծրագրի շրջանակներում 2019 թվականի փետրվար ամսվա դրությամբ աշխատանքներ են իրականացվել 126 համայնքներում, տեղադրվել է 2083 ջրատաքացուցիչ և 71 ֆոտովոլտային համակարգեր:
2019թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀԷՑ-ին միացված են 1145 ինքնավար էներգաարտադրողներ շուրջ 17 ՄՎտ հզորությամբ և ընթացքի մեջ են 88-ը՝ շուրջ 2.43 ՄՎտ գումարային հզորությամբ:
2018թ. Դեկտեմբերի 1-ի դրությամբ չգազաֆիկացված համայնքներում տեղադրված են 1654 ջրատաքացուցիչներ:
Ատոմային էներգետիկա
Ատոմային էներգետիկան Հայաստանի էներգետիկ անկախության կարևորագույն բաղադրիչներից է:
Ներկայումս շահագործվում է ՀԱԷԿ-ի N2 էներգաբլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ: 2017թ. «ՀԱԷԿ» ՓԲԸ կողմից առաքված էլեկտրական էներգիան համաձայն «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ տվյալների կազմել է 2.411 մլն. կՎտժ, ինչը կազմում է ՀՀ-ում առաքված էլեկտրական էներգիայի 32.54% -ը:
Պատմությունը
1966թ. սեպտեմբերին ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց Հայաստանում ատոմակայան կառուցելու մասին: Կայանի շինարարությունը սկսվել է 1970-ական թվականներին: Երկու էներգաբլոկներից բաղկացած ՎՎԷՐ-440 մակնիշի ռեակտորային կայանքներով ՀԱԷԿ-ի առաջին հերթի հզորությունը տեխնիկական առաջադրանքով սահմանվել էր 815,0 ՄՎտ, յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը` 407,5ՄՎտ:
Հայաստանի կառավարությունը 1993թ. ապրիլին ընդունեց «Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը վերսկսելու մասին» որոշումը: 1995թ. նոյեմբերի 5-ին վերսկսվեց ՀԱԷԿ-ի N2 էներգաբլոկի (407,5ՄՎտ) շահագործումը:
ՀՀ կառավարության որոշման համաձայն 2015թ. սկսվել են կայանի կյանքի տևողության երկարացման աշխատանքները:
Ներկայումս իրականացվում է մինչև 2026թ Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը:
Շահագործման տվյալներ
2019թ. մայիս ամսվա շահագործական տվյալները ՀԱԷԿ-ի աշխատանքի վերաբերյալ |
|||
№ |
Տեխնիկատնտեսական ցուցանիշներ |
Չափման միավոր |
Հայկական ԱԷԿ |
1 |
Միջին ամսական էլեկտրական բեռնվածքը |
ՄՎտ |
209,24 |
2 |
Մեկ ամսվա էլեկտրաէներգիայի արտադրանքը |
կՎտ.ժ |
155 671 362 |