«Արևային Էներգիան ի շահ մշակութային ժառանգության» ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողություն

01 Mar 2022

Ծրագրի շրջանակում Հ․Թումանյանի թանգարանի տանիքում տեղադրվեց 20.08 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ՖՎ կայան։

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձի նախօրեին տեղի ունեցավ արարողություն, որով ազդարարվեց անվանի բանաստեղծի թանգարանի արևային ՖՎ կայանի գործարկման մեկնարկը։
Նախորդ տարի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն տոնեց իր 25 ամյակը։ Այդ առթիվ կազմակերպած ի թիվս այլ միջոցառումների բանկը որոշեց հանդես գալ այնպիսի նախաձեռնությամբ, որով կարտահայտեր իր նվիրվածությունը քաղաքին, որտեղ երկար տարիներ գործունեություն է ծավալել։ Այդ համատեքստում որոշում կայացվեց ֆինսական միջոցներ ուղղել մշակույթի ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը՝ ծառայեցնելով դրանք հայկական որևէ մշակութային օջախի պահպանմանն ու կայուն զարգացման
ապահովմանը։ Հավատարիմ լինելով իր ռազմավարությանը և կայուն արժեքների ստեղծմանը, «Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» ծրագրի շրջանակում Բանկը ֆինանսական օժանդակություն հատկացրեց «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամին՝ որպես առաջին շահառու ընտրված Թումանյանի թանգարանը արևային ՖՎ կայանով զինելու նպատակով։
Ծրագրով Հովհ. Թումանյանի թանգարանի տանիքին տեղադրվեց 20,08 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ, որի գործարկման արդյունքում թանգարանն այսուհետ կխնայի էլեկտրաէներգիայի համար նախատեսված տարեկան ողջ ֆինանսական միջոցները՝ ուղղելով դրանք այլ կարևոր խնդիրների լուծմանը։ Կողմերի որոշմամբ խնայված միջոցներով կիրագործվի մեկ այլ երկարաժամկետ նախագիծ՝ «Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի թվայնացում և էլեկտրոնային գրադարանի ստեղծում» ծրագրիրը:
Նշենք, որ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը տարեվերջին մեկնարկեց մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված` «Արևային Էներգիան ի շահ մշակութային ժառանգության» նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա
նվազեցնել պատմական, մշակութային և ազգային նշանակության օբյեկտների էլեկտրաէներգիայի ծախսերը, և խնայված միջոցներն ուղղելու հնարավոր հիմնախնդիրների լուծմանը, որն իր հերթին կապահովի կայուն զարգացում և ներդրումներ կլիմայի փոփոխության ոլորտում:


Ծրագիրն իրականացվել է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսական օժանդակությամբ, իսկ էլեկտրական ցանցին միանալու ծախսերին աջակցել է «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ն: Համակարգը տեղադրվել է Optimum Energy ընկերության կողմից։