Կայացավ «Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի» արևային ՖՎ կայանի գործարկման պաշտոնական արարողությունը
17 Jan 2024
Թանգարանի տանիքին տեղադրվեց 20,71 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան
Տեղի ունեցավ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյա հոբելյանին նվիրված միջոցառում, որով ազդարարվեց կոմպոզիտորի տուն-թանգարանի արևային ՖՎ կայանի գործարկման և լուսավորության համակարգի արդիականացման մեկնարկը։
«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը (այսուհետ՝ ԷՀԳ), «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ՝ HSBC Հայաստան/Բանկ) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (այսուհետ՝ ՀԷՑ) միավորել են ուժերը «Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» ծրագիրը իրականացնելու նպատակով։ Նախաձեռնությունն ուղղված է աջակցելու հայկական մշակութային ժառանգության օբյեկտին՝ գործելու ավելի կայուն և էներգաարդյունավետ, ապահովելու ֆինանսական կայունություն և դառնալու ավելի գրավիչ այցելուների համար: Այս անգամ ծրագրի շահառուն է «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը, որի տանիքին տեղադրվեց 20,71 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։ Այն տարեկան կարտադրի շուրջ 29000 կՎտժ էլեկտրաէներգիա՝ ապահովելով մոտ 1,550,000 ՀՀ դրամ խնայողություն։ Ծրագրի շրջանակում արդիականացվել է նաև թանագրանի լուսավորության համակարգը․ տեղադրվել են թվով 75 լեդ լուսատուներ, ինչը թույլ կտա ապահովել տուն-թանգարանին որակյալ, էներգախնայող և երկարաժամկետ լուսավորությամբ՝ նվազեցնելով լամպերի փոխարինման ծախսերը։
«Վերականգնվող էներգետիկայի զարգացումը և էներգաարդյունավետությունը էներգետիկ անկախության գրավականն են, իսկ հիմնադրամի առաքելությունն է աջակցել Հայաստանի էներգետիկ անկախության կայացմանը։ Այսօր աշխարհում, ինչպես նաև մեր երկրում կարևորագույն խնդիրներից է կլիմայի փոփոխությունը, ինչից ելնելով էլ ԷՀԳ-ի գործունեությունն ուղղված է նաև դիմակայելու կլիմայի փոփոխությանը։ Մթնոլորտում զգալիորեն ավելացել է ջերմոցային գազերի քանակը՝ խորացնելով ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա: Այնուամենայնիվ, այն կարելի է մեղմել վերականգնվող էներգիայի, էներգախնայողության օգնությամբ և ձեռնարված այլ միջոցառումներով։ ԷՀԳ-ն, հավատարիմ լինելով իր ռազմավարությանը և գնահատելով մշակույթի դերը, իր հիմնադրման 5-րդ տարելիցի կապակցությամբ որոշեց շարունակել մշակութային ուղղվածության «Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» նախաձեռնությունը։ Ինչպես բազմիցս նշվել է, նախաձեռնության նպատակն է նվազեցնել պատմական, մշակութային և ազգային նշանակության օբյեկտների էլեկտրաէներգիայի ծախսը՝ կիրառելով էներգախնայող լուծումներ և խնայված միջոցներն ուղղելով այլ հիմնախնդիրների լուծմանը։ Ուստի, շնորհակալություն եմ հայտնում ծրագրում ներգրավված բոլոր կողմերին այս հնարավորության, ինչպես նաև մեր գործընկեր «Սոլար Էյ Էմ» ընկերության թիմին կայանի կառուցման և տեխնիկական աշխատանքերի իրականացման համար»,- նշում է ԷՀԳ գլխավոր տնօրեն Լուիզա Վարդանյանը։
Ծրագրի իրականացման արդյունքում խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն մեկ այլ երկարաժամկետ ծրագրի իրականացմանը, մասնավորապես՝ աշխարհահռչակ կոմպոզիտորի ստեղծագործությունների նոտաների հրատարակմանը։ Յուրաքանչյուր տարի կհրատարակվի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների մեկական ժողովածու՝ 300 տպաքանակով։
«Ուրախ եմ, որ այս կարևոր նախագիծը, շարունակություն ստացավ ու արդեն երկրորդ շահառուի համար է իրականացվում: Խնայված միջոցներով տպագրված ժողովածուների, մի մասը անվճար կտրամադրվի Հայաստանում և արտերկրում գտնվող գրադարաններին ու երաժշտական հաստատություններին՝ տարածելով մեծ կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունը», - իր խոսքում նշեց ՀԷՑ-ի կորպորատիվ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը:
«HSBC Հայաստանի գործունեության մեջ առանցքային դեր են զբաղեցնում կայուն զարգացմանը նպաստող նախաձեռնությունները։ Ավելին, այս նախագծով մենք նպատակադրված ենք մատնանշել, որ մշակութային օջախները ևս կայուն զարգացման հնարավորություն ունեն։ Սա մեր առաջին համագործակցությունը չէ ԷՀԳ-ի և ՀԷՑ հետ․ հիշեցնեմ, որ 2021թ․ Բանկի ֆինանսական օժանդակությամբ սկիզբ դրվեց «Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» նախաձեռնության առաջին ծրագրին, որով Հովհ. Թումանյանի թանգարանի տանիքին տեղադրվեց 20,08 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ։ Ուրախ եմ, որ մեր ֆինանսական օժանդակությամբ արդեն երկրորդ մշակութային օբյեկտին հնարավորություն ենք ընձեռում խնայել միջոցներ՝ ուղղելով դրանք այլ կարևոր խնդիրների լուծմանը», - հավելեց HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը: