«Խմելու ջրամատակարարման և հանրակրթական դպրոցի վերանորոգում» ծրագրի փակում

02 Feb 2025

Հունվարի 31-ին Գարգառում տեղի ունեցավ «Գարգառ բնակավայրում խմելու ջրամատակարարման և հանրակրթական դպրոցի վերանորոգում» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը:

Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Գարգառ բնակավայրում խմելու ջրամատակարարման և հանրակրթական դպրոցի վերանորոգում» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հայաստանում Ճապոնիայի դեսպան Նորին գերազանցություն Աոկի Յուտական, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, «Իզմիրլյան», «Ուրբան» կայուն զարգացման, «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամների, Գյուլագարակ խոշորացված համայնքի համայնքապետարանի, Գարգառի վարչական կենտրոնի, Գարգառի մանկապարտեզի ներկայացուցիչներ, հյուրեր:
 
«Գարգառ բնակավայրում խմելու ջրամատակարարման և հանրակրթական դպրոցի վերանորոգում» ծրագրի շրջանակներում կառուցվել է Գարգառի Վ․Բալայանի անվան միջնակարգ դպրոցի արևելյան մասնաշենքի երկրորդ հարկը`4 դասասենյակներով, տեղադրվել է 5 կՎտ հզորությամբ արևային կայան, որը տարեկան կարտադրի շուրջ 6500 կՎտ/ժ էլեկտրաէներգիա, և կառուցվել է 990 մ երկարությամբ խմելու ջրի նոր խողովակաշար:
 
Ծրագիրն իրականացվել է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից` Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, «Իզմիրլյան» և Կոկա-Կոլա հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ: Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Իջևանի Բենտոնիտշին» ԲԲԸ և «Հարշին» ՍՊԸ կոնսորցիումը:
Ծրագրի իրականացման շնորհիվ դպրոցում այսուհետ դասապրոցեսը կիրականացվի միահերթ ռեժիմով, ինչը կբարձրացնի ուսումնական գործընթացի արդյունավետությունն ու որակը, ինչպես նաև մաքուր խմելու ջրով կապահովվեն դպրոցը, վարչական կենտրոնը, մշակույթի տունը, մանկապարտեզը, բժշկական կենտրոնը և 29 ընտանիքներ:
 
Ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում։
Ճապոնիայի դեսպան Նորին գերազանցություն Աոկի Յուտական, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես եկան ելույթներով`ընդգծելով ծրագրի կարևորությունն ու շնորհավորելով ծրագրի հաջող ընթացքի և ավարտի կապակցությամբ: Փակման արարողության ավարտին հյուրերը շրջեցին նորակառույց դասասենյակներով:
 
Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի տնօրինությունը, ուսուցիչները և ծնողները շնորհակալություն հայտնեցին Ճապոնիայի կառավարությանը և գործընկեր կազմակերպություններին՝ ծրագիրն իրականացնելու, արդյունավետ ու հաճելի համագործակցության և դպրոցի աշակերտների ու ուսուցիչների վաղեմի ցանկությունը կյանքի կոչելու համար: