«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին տրամադրվել է Եվրոպական միության դրամաշնորհ

01 Mar 2021

«Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» խորագիրը կրող սույն դրամաշնորհային ծրագրի շրջանակում կներկայացվի կանաչ համայնքի քաղաքաշինական մոդելը

Հայաստանի մարզային մեծ ու փոքր քաղաքներում շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված կարողությունների ընդլայնման նպատակով «Էյ Թի Փի»-ն Եվրոպական միության կողմից ստացել է €695.000 դրամաշնորհ: Վերջինս դրամաշնորհի գլխավոր հայտատու կազմակերպությունն է, իսկ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը՝ համահայտատու կազմակերպություններ: 


«Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» խորագիրը կրող դրամաշնորհային ծրագրի շրջանակում կներկայացվի կանաչ համայնքի քաղաքաշինական մոդելը՝ ուղղված Հայաստանի շրջակա միջավայրի պահպանությանն ու կլիմայի փոփոխության հարմարվողականությանը:

Շահառու համայնքների ցանկում ընդգրկվել են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզի 15 քաղաք և դրանց հարակից համայնքները: Ֆինանսավորումը կտրամադրվի հետևյալ աշխատանքների իրականացման համար.

  • Կանաչապատել թիրախային 15 համայնքները
  • Կանաչապատել 50 դպրոցի և 10-ը այգու տարածքները
  • Ընդլայնել թիրախ հանդիսացող քաղաքային համայքների կանաչապատման կարողությունները 
  • Մարզային խոշոր և փոքր քաղաքներին կից 10-ը տեղամասում շուրջ 100 հա տարածքի վրա իրականացնել անտառտնկման աշխատանքներ
  • Հիմնել 150 տնամերձ տնկարան՝ հիմք ընդունելով «Էյ Թի Փի»-ի մրցանակակիր  տնամերձ տնկարանների ծրագրի մոդելը
  • Հիմնել մեկ տնկարան Գյումրիում՝ հիմնվելով «Էյ Թի Փի» -ի կողմից կիրարկվող Միրաք ընտանիքի անվան անտառվերականգնման տնկարանի հաջող մոդելը
  • Ստեղծել առցանց տեղեկատվության փոխանակման և ուսուցման հարթակ
  • Հզորացնել «Էյ Թի Փի»-ի գործող 5 էկոակումբների կարողությունները՝ միաժամանակ շահառու համայնքներում ստեղծելով ևս 10 էկոակումբ
  • Շուրջ 7000 դպրոցականների ընդգրկել բնապահպանական կրթության ծրագրում
  • Բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով իրականացնել էկոակումբների և ամենամյա աղբահավաքների ծրագրեր, որոնց ընթացքում կկազմակերպվեն նաև մրցութային արշավներ:

«Մենք ՝«Էներգիայի հայկական գործակալություն» հիմնադրամի անձնակազմը, ուրախ ենք այս ծրագրի գործընկեր լինելու համար, ինչը ևս մեկ հնարավորություն է խոսելու կանաչ էներգիայի, վերականգնվող և արդյունավետ էներգիայի օգուտների մասին: Շնորհավորում եմ «Էյ Թի Փի» և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամներին և հաջողություն մաղթում բոլորիս՝ մեր նպատակներին հասնելու համար», - նշեց հիմնադրամի գլխավոր տնօրեն Լուիզա Վարդանյանը: