«Մասրիկ-1» արևային ՖՎ կայանի կառուցման ֆինանսավորումը ավարտվեց

29 Mar 2021

«Ամերիաբանկը» կաջակցի ծրագրի իրականացմանը` տրամադրելով ԱԱՀ-ի ֆինանսավորում:

«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ֆինանսավորման գործարքն ավարտին հասցվեց:
Կայանը կառուցող «Fotowatio Renewable Ventures» (FRV) ընկերությունը ծրագրի իրականացման համար աջակցություն կստանա Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (ՄՖԿ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Եվրամիությունից (ԵՄ), որոնք ծրագրի իրականացման տարբեր փուլերում կտրամադրեն մինչև 38․4 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: 

Ինչպես հայտնի է, Հայաստանում արդյունաբերական մասշտաբի ամենամեծ՝ 55 ՄՎտ հզորությամբ արևային կայանը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ բնակավայրում, որի համար ՀՀ կառավարության 2019թ. մարտի 29-ի 326-Լ որոշմամբ օտարվել է 32,6591 հա հողատարածք:

«Մասրիկ-1» կայանը կարտադրի տարեկան ավելի քան 128 գիգավատ/ժամ էլեկտրաէներգիա՝ 1 ՄՎտ/ժամի դիմաց 41,9 ԱՄՆ դոլար մրցունակ սակագնով: Արտադրված էլեկտրաէներգիան պայմանագրի համաձայն կվաճառվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որի հետ կնքված էլեկտրաէներգիայի գնման պայմանագրի համաձայն էլ՝ արտադրված էլեկտրաէներգիան կմատակարարվի համայնքին: 

Ըստ հաղորդագրության՝ FRV ընկերության գործառնությունների գծով տնօրեն Տրիստան Իգուերոն ասել է, թե Հայաստանը մեծ ներուժ ունի վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգիայի արտադրման ոլորտի զարգացման համար: «Տվյալ տարածաշրջանում մեր առաջին արևային կայանի նախագծի ֆինանսավորման գործարքի կնքումը կարևոր նշանակություն ունի FRV-ի համար, քանի որ դա մեզ հնարավորություն է ընձեռում ընդլայնելու մեր գործունեության աշխարհագրությունը: Այս ծրագրի միջոցով մենք կնպաստենք երկրի կայուն տնտեսական աճին` ապահովելով լրացուցիչ եկամտի աղբյուր և ստեղծելով նոր աշխատատեղեր, ինչը նպաստելու է ավելի հեռանկարային ապագայի կերտմանը»,- ընդգծել է նա: