«Weidmuller» ընկերության՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտի ժամանակակից լուծումները» խորագրով աշխատաժողով

19 Sep 2019

«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի և «Էկրա Կովկաս» ընկերության միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր

Սույն թվականի սեպտեմբերի 10-ին «Double Tree by Hilton» հյուրանոցում «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի և «Էկրա Կովկաս» ընկերության կողմից համատեղ կազմակերպվեց «Weidmuller» ընկերության՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտի ժամանակակից լուծումները» խորագրով աշխատաժողով: Աշխատաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ պետական կառավարման մարմիններից և Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող առաջատար ընկերություններից:

Գիտաժողովի բացմանը հանդիսավոր խոսքով ելույթ ունեցավ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Հայկ Բադալյանը: Նա ներկայացրեց էներգետիկայի ոլորտում վերջին երեք տարիների ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները: Նշեց նաև, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում արևային և հողմային էներգետիկայի ոլորտն արագորեն զարգանում է: Ինչպես նաև խոսեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման մասին, որը մասնավորապես վերաբերվում է էներգիա արտադրողի և սպառողի անմիջական համագործակցությանը: Նախնական գնահատականներով, շուկան կգործարկվի 2020թ.-ի երկրորդ կեսից:

Այնուհետև խոսքը տրվեց «Էկրա Կովկաս» ընկերության զարգացման գծով տնօրեն Դավիթ Հակոբյանին: Շարունակելով Հայկ Բադալյանի խոսքն էներգետիկական ոլորտի զարգացման վերաբերյալ՝ Դ. Հակոբյանն ընդգծեց, որ «Էկրա Կովկաս» ընկերությունը նույնպես անմիջական դերակատարում ունի ոլորտի զարգացման գործում, քանի որ միակ գործարանն է տարածաշրջանում, որը զբաղվում է վթարային պաշտպանության ավտոմատիկայի և այլ սարքավորումների արտադրությամբ: «Էկրա Կովկաս» ընկերության արտադրանքն արդեն կիրառվում է հայկական շուկայում և մոտ ապագայում դրանք կարտահանվեն: Պրն. Հակոբյանը խիստ կարևորեց «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի և «Էկրա Կովկաս» ընկերության համագործակցությունը, որն ուղղված է լինելու Հայաստանում էներգետիկական ոլորտի բազմակողմանի զարգացմանը:

«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Հարությունյանի և «Էկրա Կովկաս» ընկերության տնօրեն Վռամ Կարագյոզյանի կողմից ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր: Վերջինիս նպատակն էներգետիկայի բնագավառում նորարարական տեխնոլոգիաների ներդրման միջոցով, ինչպես նաև միջազգային փորձի լավագույն պրակտիկաների կիրառմամբ, տեղական արտադրանքի արտահանման խթանումն է:

Աշխատաժողովի ավարտին «Weidmuller» ընկերության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց կողմից արտադրվող որոշ արտադրատեսակներ և նրա միջազգային գործունեությանն ուղղված աշխատանքները, մանրամասն նկարագրվեց գրեթե բոլոր սարքավորումները, որոնք ներառվում են վերականգնվող էներգետիկայի՝ մասնավորապես արևային և հողմային էլեկտրակայաններում, փոխադրման և բաշխման համակարգերում:

«Weidmuller» ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող փորձագիտական ընկերություն: Վերջինս մատուցում է արտադրական միջավայրում էլեկտրաէներգետիկական ոլորտում ազդանշանների և տվյալների փոխանցման, մշակման, փոխակերպման լուծումներ և ծառայություններ: «Weidmuller» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում հանդիսանում է «Էկրա Կովկաս» ընկերությունը:

Աշխատաժողովն ավարտվեց էլեկտրաէներգետիկական ոլորտին վերարաբերվող բուռն քննարկումներով: Տեղի ունեցավ հարցու ու պատասխան «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի, «Էկրա Կովկաս» ընկերության, Weidmuller ընկերության ներկայացուցիչների և հրավիրված հյուրերի միջև: