Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության

29 Dec 2021

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ թանգարանի տանիքին կտեղադրվի 20,08 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ։

Տարեվերջին մեկնարկեց ևս մեկ՝ մշակութային ժառանգության պահպանման ուղղված նախաձեռնություն, որը համատեղ իրականացվելու է «Էներգետիկայի հայկական գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից։ Այս կապակցությամբ բանկի և հիմնադրամի միջև կնքվեց ծրագրի իրականացման պայմանագիր:
 
Այն հնարավորություն կտա նվազեցնել պատմական, մշակութային և ազգային նշանակության օբյեկտների էլեկտրաէներգիայի ծախսերը, ուղղելու դրանք հնարավոր հիմնախնդիրների լուծմանը, որն իր հերթին կապահովի կայուն զարգացում և ներդրումներ կլիմայի փոփոխության ոլորտում:
Ծրագրի նպատակն է աջակցել հայկական մշակութային ժառանգության օբյեկտներին, մասնավորապես Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանին (Hovhanness Toumanian Museum/Հովհ.Թումանյանի թանգարան)՝ գործելու ավելի կայուն և էներգաարդյունավետ, ապահովելով ֆինանսական կայունություն։
 
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ թանգարանի տանիքին կտեղադրվի 20,08 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ։ Այն տարեկան կարտադրի 25802 կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ապահովելով 1.083.700 ՀՀ դրամ խնայողություն, որը կօգնի թանգարանին սեփական էներգետիկ կարիքները արևային էներգիայի միջոցով հոգալուն, իսկ խնայողությունը ուղղված կլինի թանգարանի «ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ծրագրի իրականացմանը: