Ինքնավար արտադրողները գերազանցել են 10 000 կՎտ-ի սահմանաչափը

18 Feb 2019

Պետություն-մասնավոր հատված- ֆինանսական ինստիտուտներ կայուն զարգացող համագործակցության արդյունքում ինքնավար արտադրողների գումարային հզորությունը կազմում է 10 ՄՎ

10 ՄՎ հզորություն - ահա այսքան է արևային էներգետիկայի հզորությունը տանիքներին՝ նախատեսված սեփական կարիքների ապահովման համար։ Այս ցուցանիշը միայն սկիզբն է աննախադեպ զարգացման, որը հնարավոր եղավ գրանցել կարճ ժամանակահատվածում պետական համակարգի ուշադրության, համապատասխան խրախուսական քաղաքականության և օրենսդրական դաշտի կարգավորման շնորհիվ։

2019 թ․ ՀՀ ԱԺ կողմից հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 6.2 Էներգետիկ բնագավառը բաժնում ամրագրված է մինչև 2022 թվականը ներքին սպառման կառուցվածքում արևային էներգետիկայի կայանների կշիռը հասցնել առնվազն 10 տոկոսի դրույթը։ Թեպետ Կառավարության ծրագրում շեշտը դրվում է մրցութային եղանակով կառուցվող արդյունաբերական մասշտաբի արևային կայանների վրա, մեր դիտարկումներով զուգահեռ մեծ զարգացում կարող է արձանագրվել նաև ինքնավար արտադրող կայանների տեսակարար կշռի ավելացման ոլորտում։

Էներգետիկայի հայկական գործակալության մասնագիտական վերլուծության արդյունքում ակնհայտ է, որ հիմք ընդունելով արևային էներգետիկայի 2016-2018 զարգացման տեմպերի միջին ցուցանիշները, 2023թ․ հնարավոր է ունենալ 960 ՄՎ հզորություն, որոնցից 660 ՄՎ արդյունաբերական մասշտաբի կայաններ և 300 ՄՎ ինքնավար արտադրողներ։

 

Օրենսդրական կարգավորումները

ՀՀ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի 2016թ․-ի մայիսի 25-ի N128-Ն Որոշմամբ արևային էլեկտրակայնները հնարավորութուն ստացան էլեկտրաէներգիա վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ) փոխհոսքերի հաշվարկման սկզբունքով (net metering)։

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017թ. դեկտեմբերի 21-ին ընդունվեցին ՀՕ-262-Ն և ՀՕ-261-Ն օրենքները, համաձայն որոնց  «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում վերանայվել է 150 կՎտ սահմանաչափը` արդյունքում սահմանվելով 500 կՎտ իրավաբանական անձանց համար: Էլեկտրական էներգիայի խոշոր սպառողների համար ստեղծվեցին են օրենսդրական հիմքեր` ինքնավար էներգաարտադրողների գործառույթներն իրականացնելու համար:

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում սահմանվել է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակներում մատակարարած (հանձնած) էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում չտրամադրելու ծավալի վերաբերյալ դրույթ և բարելավվել է փոխհոսքեր իրականացնելու ռեժիմային ժամանակագրությունը:  

Օրենսդրական փաթեթը հնարավորություն տվեց նշված ինքնավար արտադրողներին տեղադրել արևային կայաններ առանց լիցենզիայի կամ լրացուցիչ հարկային պարտավորությունների էլեկտրաէներգիա մատակարարել էլ.ցանցին:

Փոխհոսքերի հաշվարկման համակարգը մի շարք առավելություններ ունի։ Ֆիզիկական և/կամ իրավաբանական անձիք սեփական կարիքների համար կարող են տեղադրել վերականգնվող էներգիա արտադրող ինքնավար կայաններ. 150 կՎ սահմանաչափով ֆիզիկական անձանց համար, 500 կՎ՝ իրավաբանական։ Տարվա կտրվածքով մատակարարված ավելցուկային էլ․էներգիան հեշտությամբ հետ փոխանցվում ինքնավար արտադրողին կամ վաճառվում ՀԷՑ-ին՝ պարտադիր գնման սկզբունքով, մանրածախ ցերեկային սակագնի կես գնով։ Արդյուքում՝ արևային էլ․էներգիա արտադրողների սեփական հոսանքի սպառումն իրակաացվում է առանց կորուստերի կամ միջանկյալ պարտավորությունների։ Ավելին՝ հարկավոր չէ ձեռք բերել հոսանքի կուտակիչներ՝ բարձր գնով և կարճաժամկետ ծառայությամբ։

Հարկ է նշել, որ պատշաճ կազմակերպված իրազեկման արշավների, պետություն-մասնավոր հատված- ֆինանսական ինստիտուտներ կայուն զարգացող համագործակցության շնորհիվ հնարավորություն ստեղծվեց կարճ ժամանակահատվածում ունենալ խոսուն արդյունքներ սեփական կարիքների համար ինքնավար արտադրողների թվի աճի առնչությամբ։ Այսպես օրինակ, ինքնավար արևային ՖՎ կայանների քանակը 2019թ․ փետրվարի 10-ի դրությամբ կազմում է 836 ինքնավար արտադրող կայան, 9991.71 կՎտ դրվածքային հզորությամբ միացված ցանցին, ևս 73 կայան 2799.28 կՎտ հզորությամբ գտնվում են միացման փուլում։

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ արևային էներգետիկայի զարգացման մեխանիզմները հնարավորություն ստեղծեցին մասնավոր հատվածը ներկայացնող տասնյակից ավել կազմակերպությունների համար սպառման շուկա ունենալ և շահութաբեր գործունեություն ծավալել՝ ստեղծելով նաև բարձր մասնագիտական հմտություններ պահանջող աշխատատեղեր։ 2018թ․ այդ կազմակերպություններից մի քանիսը տեղ գտան խոշոր հարկատուների ցանկում։

 

Կից ինֆոգրաֆիկ պատկերում ներկայացված է 2016-2018թթ․ ինքնավար արտադրող կայանների զարգացման տեմպերը ըստ հզորության, քանակի, ամիսների և տարիների տոկոսային աճի։