ԲՈՒՀ-երում անցկացվում են դասընթացներ Էներգախնայողության վերաբերյալ

17 Mar 2019

ԲՈՒՀ-երում մեկնարկել են «Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն․ «Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացների շարքը

Մարտի 14-ին Հայ- Ռուսական (Սլավոնական) համալսարանից մեկնարկեց «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամի «Լուսավոր Սահման» ծրագրի շրջանակներում իրականացվող «Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն․ «Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացների շարքը։

Ավելի քան 30 ուսանողներ հնարավորություն ունեցան տեղեկատվություն ստանալ Հայաստանի Էներգետիկ համակարգի, Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության ոլորտի ընդհանուր զարգացման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև իրենց կարողությունները զարգացնել լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործման առավելությունների առնչությամբ։ Ուսանողները ծանոթացան նաև «Լուսավոր Սահման» ծրագրի ընթացքին, կատարված աշխատանքներին և գիտելիքներ ստացան սոցիալական պատասխանատվության կարևորության վերաբերյալ։

Առաջիկայում ոսանողներից կազմված կամավորական խմբերը հնարավորություն կունենան մասնակցելու սահմանամերձ համայնքներում լամպերի տրամադրման և հանրային իրազեկման գործնական միջոցառումներին։

«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ․ դեկտեմբերի 1-ից 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ․ հունիսի 1-ը իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Ծրագրի այս փուլում նախատեսվում է ունենալ հետևյալ արդյունքները՝

  •      1200 LEDաֆիկացված ընտանիքներ (6000 LED լամպ)
  •      590 հազ․ կՎտԺ տարեկան էներգախնայողություն
  •      26 մլն ՀՀ դրամ ծախսերի խնայողություն
  •      260 տոննա կրճատված CՕ2 տարեկան
  •      140-ից ավել շահառուների կարողությունների զարգացում
  •      5000-ից ավել շահառուների տեղեկացվածության մակարդակի բարձրացում

«Լուսավոր Սահման» բարեգործական ծրագրի գրանցած արդյունքները

27 սահմանամերձ համայնքներում բնակվող ավելի քան 5000 ընտանիքների արդեն իսկ տրամադրվել են ավելի քան 25 000 բարձր որակական հատկանիշներ ունեցող, լաբորատոր ստուգաչափում անցած և 3 տարի երաշխիքային սպասարկում ունեցող LED լամպեր: Միջին հաշվարկներով էներգախնայողությունը 27 համայնքներում տարեկան կտրվածքով կազմում է ավելի քան 3.750 մլն կՎտժ (150 մլն ՀՀ դրամ):

«Լուսավոր սահման» ծրագիրը մեկնարկել է 2016թ. Նոյեմբերին, ի սկզբանե որպես կամավորական-հասարակական նախաձեռնություն: 2018թ. Հունիս ամսից գտնվում է «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամի համակարգման ներքո՝ որպես բարեգործական ծրագիր:

Համայնքները ընտրվում են համաձայն ՀՀ Կառավարության 15 Հունվարի 2015թ. N 30-Ն «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից» Որոշման ցանկի:

«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ: