Էլեկտրաէներգիայի մատակարարման առկա հիմնախնդիրները

25 Aug 2021

Պարզաբանում է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի տնօրեն՝ Լուիզա Վարդանյանը

Մեկնաբանելով իրավիճակը, հայաստանյան հոսանքազրկումների և առաջացած ճգնաժամի հնարավոր պատճառների մասին խոսում է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի տնօրեն՝ Լուիզա Վարդանյանը։

Հիմնահարցերից մեկն է, թե ինչքանո՞վ է էլեկտրաէներգիայի պաշարը տուժել Արցախյան պատերազմից հետո,  երբ որոշակի պաշար ստանում էինք Քարվաճառի շրջանից։

Պատերազմի հետևանքները նոր խնդիրներ են ստեղծել Հայաստանի էներգետիկ ոլորտի համար, քանի որ Արցախի 36 հիդրոէլեկտրակայաններից 30-ը (որոնք էլեկտրականություն էին մատակարարում Հայաստան) այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են: Բացի այդ, նրանց վերահսկողության տակ են մնացել նաև Հայաստանը Արցախին միացնող 110 կՎ հզորությամբ երկու փոխանցման գիծ, ինչպես նաև Շահումյանի և Քաշաթաղի շրջանների տրանսֆորմատորային ենթակայանները։
Պատերազմի հետևանքով Արցախը 112,5 ՄՎտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր է կորցրել, այդ թվում՝

  • Սարսանգի ՀԷԿ-ը` 50 ՄՎտ;
  • 4 ՀԷԿ` 12-13 ՄՎտ;
  • 1 ՀԷԿ` 12 ՄՎտ:

Արցախի Հանրապետությունում մինչ պատերազմը եղել են 187,5 ՄՎտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր, սակայն արդյունքում մնացել են 75 ՄՎտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր:
2021 թ. նախնական էներգետիկ բալանսով նախատեսված էր Արցախից ՀՀ ներկրել 330 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, սակայն այն կփոխարինվի ՀՀ ներքին ռեսուրսներով արտադրված էլեկտրաէներգիայով, որն ավելի թանկ է Արցախից ներկրվող էլեկտրաէներգիայից։

Պաշարների հետ կապված հնարավոր լուծումները հետևյալն են՝

Արցախյան մոտ 60% ՀԷԿ-երի կորուստի հետևանքով առաջացած էլեկտրաէներգիայի արտադրման բացասական սալդոն Հայաստանը կլրացնի ածխածնային վառելիքի այրման միջոցով՝ ՋԷԿ-երում արտադրվող էլ․էներգայի հաշվին, ինչն ավելի թանկ է և կլիմայի փոփոխության վրա կունենա իր բացասական ազդեցությունը։ Օրինակ, ըստ պաշտոնական տվյալների, միայն Երևանի նոր ՋԷԿ-ը տարեկան կարտանետի 785,000 տոննա CO2 գազ։

Երևանում և մարզերում հաճախակի են դարձել երկարատև անջատումները։ Հնարավո՞ր է արդյոք այս խնդիրը կապված լինի էլեկտրաէներգիայի պակասի հետ, և ինչի՞ հետևանքով այն կարող է լինել։

Պատճառներից մեկը՝ համակարգում հուսալի հզորությունների պակասն է, որը կախված է Հայկական ատոմակայանի պլանային և Հրազդան-5 էներգաբլոկի ոչ պլանային դադարի հետ։ Սույն թվականի մայիսի 15-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը կանգնեցվել է պլանային վերազինման 141 օրյա ժամկետով, իսկ Հրազդան-5 էներգաբլոկի աշխատանքը դադարեցվել է անժամկետ։ Եվս մեկ պատճառներից մեկը՝ պլանավորված աշխատանքներն են, որի արդյունքում մոտ 40%-ը պլանային անջատումներն են, իսկ  մնացածը՝ վթարային։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նպատակներից գերական դա էլեկտրասարքավորումների, էլեկտրահաղորդման գծերի վերակառուցումն ու արդիականացումն է, ինչպես նաև՝ սպասարկման որակի բարձրացումը։ Ցավոք, այդ ամենին հասնելու համար անջատումներն անխուսափելի են։ Բնակչությանը նախօրոք տեղեկացնում են՝ հայցելով իրենց ներողամտությունը։ Սակայն, դեռ վթարային անջատումները գերազանցում են, բայց մենք վստահ ենք, որ շուտով պատկերը կփոխվի։

Զրույցի ավարտին Լուիզա Վարդանյանը նշեց, որ պետք է օգտագործել արևի ռեսուրսը և խթանել վերականգնվող էներգետիկայի զարգացման տեմպերը։ Համաձայն ՀՀ Էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040թթ․), վերկանգնվող Էներգետիկայի՝ հիմնականում արևի և քամու ռեսուրսները օգտագործումով արտադրվող էլ․էներգիան պետք է կազմի 15%, սակայն վերջին իրադարձությունների լույսի ներքո նպատակահարմար է և հրամայական, նշաձողին հասնել հնարավորինս մոտ ժամանակահատվածում։ Իհարկե, ընթացքում պետք է արագացնել  շուկայի ազատականացման գործընթացը, ինչպես նաև կառուցել լրացուցիչ կուտակիչներ։