Էներգետիկ բնագավառը ՀՀ կառավարության ծրագրի նախագծում
08 Feb 2019
2019թ․ փետրվարի 8-ին հրապարակվել է ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի նախագծի 6.2-րդ կետն ամբողջությամբ վերաբերվում է Էներգետիկ բնագավառին։
6.2. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԲՆԱԳԱՎԱՌԸ
Հայաստանի տնտեսության համընթաց զարգացման ենթատեքստում
Կառավարության քաղաքականությունն էներգետիկայի ոլորտում ուղղված է երկրի էներգետիկ անկախության ապահովմանն ու անվտանգության բարձրացմանը, տարածաշրջանային ինտեգրման գործընթացի ապահովմանը, էներգետիկ ոլորտի կայուն զարգացմանը` հենվելով տեղական առաջնային (վերականգնվող) էներգապաշարների լիիրավ և արդյունավետ օգտագործման, ատոմային էներգետիկայի հետագա զարգացման, էներգակիրների մատակարարման տարատեսականացման և էներգաարդյունավետ ու նոր տեխնոլոգիաների ներդրման վրա:
Ներկայումս էներգահամակարգն ամբողջովին բավարարում է էլեկտրաէներգետիկայի ներքին շուկայի պահանջարկը և ունի էլեկտրաէներգիայի արտահանման ավելացման ներուժ: Ներքին շուկայի կարիքներից ելնելով՝ ներդրումները խթանելու և Վրաստանի ու Իրանի հետ առևտրի հնարավորություններն օգտագործելու նպատակով Կառավարությունը ձեռնամուխ է լինելու`
- էլեկտրաէներգետիկական համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիների մշակմանը.
- Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում իրացման նոր էներգետիկ շուկաներ փնտրելուն, ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախության ապահովմանը.
- նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման համար օրենսդրական խթանների ձևավորմանը, էներգետիկայի բնագավառի զարգացմանը և էներգաարդյունավետության միջոցառումների ներդրմանն ուղղված քաղաքականության ապահովմանը.
- հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգմանը և արդիականացմանը, որով կապահովվի հայկական ԱԷԿ-ի արդյունավետ և անվտանգ աշխատանքը` շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում.
- Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի մշակմանը՝ հաշվի առնելով հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի պահպանման, ինչպես նաև էներգետիկայի բնագավառի գիտելիքահենք ուղղության կարևորությունը.
- տարածաշրջանային ինտեգրման ապահովման նպատակով՝ Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ծրագրերի իրականացմանը: Նշված էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ավարտից և շահագործման հանձնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում հանդես կգա որպես էլեկտրաէներգետիկ ոլորտի տարածաշրջանային հաբ` կապելով Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը.
- վերականգնվող էներգիայի աղբյուրների արդյունավետ օգտագործմանը և զարգացման խթանմանը։
Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմները և թողունակությունը գնահատելով՝ կիրականացվեն արևային համակարգային կայանների մրցութային եղանակով կառուցման ծրագրեր` մինչև 2022 թվականը ներքին սպառման կառուցվածքում այդ կայանների կշիռը հասցնելով առնվազն 10 տոկոսի: