Հավանության արժանացավ էներգետիկայի բնագավառի ռազմավարական ծրագիրը

15 Jan 2021

Ծրագրով սահմանվում են 2040թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական ուղղությունները և դրա իրագործումն ապահովող միջոցառումները։

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին:

Ծրագրով սահմանվում են 2040թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական ուղղությունները և դրա իրագործումն ապահովող միջոցառումները։ Ըստ ռազմավարության՝ մինչև 2040 թվականը Հայաստանի էներգետիկ համակարգը կունենա հետևյալ նկարագիրը՝

  • Ինքնաբավ և արտահանմանն ուղղված բարձր հուսալիությամբ և ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ, արդիական ենթակառուցվածքներով, տարեկան շուրջ 12 մլրդ կՎտժ արտադրության ծավալով էլեկտրաէներգետիկական համակարգ;
  • Տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հանգույց, հարևան երկրների էներգամակարգերը և Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կապող խոշոր հանգույց;
  • Էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա հիմնված միջազգային լավագույն մոդելների վրա;
  • Վերականգնվող էներգետիկ պաշարների տնտեսապես արդյունավետ և ողջամիտ օգտագործում՝ բնապահպանական բոլոր չափանիշներին համապատասխան: Էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի հնարավոր առավելագույն աճի ապահովում, 2030 թվականին առնվազն 15% արևային էներգիայի մասնաբաժնով;
  • Էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցառումների լայնածավալ իրականացում, էներգախնայողության և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրում կանաչ և գիտելիքահենք տնտեսության անցման գործում;
  • Ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով զարգացում, մասնավորապես Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցում;
  • Սպառողներին հուսալի և անխափան, որակյալ էներգամատակարարում ու էներգահամակարգի բնականոն գործունեությունն ապահովող հավասարակշռված և կանխատեսելի սակագներ;
  • Վառելիքաէներգետիկ առաջնային պաշարների՝ մասնավորապես բնական գազի Հայաստան մատակարարման ուղիների և ձևերի բազմազանեցում, երաշխավորելով գազի առնվազն երկու տեխնոլոգիական մուտք երկիր։

Ծրագրով նախատեսվում են միջոցառումներ իրականացնել էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների զարգացման ուղղությամբ՝ մասնավորապես՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի 2026-2036թթ երկարաձգման աշխատանքների իրականացում, ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի (ներառյալ դրա երկարաձգումները) ավարտից հետո գործող կայանի հարթակում փոխարինող հզորության էներգաբլոկի կառուցում, Մասրիկ-1 55 ՄՎտ , Այգ-1 200 ՄՎտ դրվածքային հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցում, արևային շուրջ 120 ՄՎտ հզորությամբ թվով 5 ֆոտովոլտային էլեկտրական կայանների կառուցման ծրագրերի իրականացում, փոքր ՀԷԿ-երի, հողմային կայանների կառուցում։

Աշխատանքներ կտարվեն բարձրավոլտ էլեկտրահաղորդման, բաշխման էլեկտրական ցանցերի, էլեկտրաէներգետիկական շուկայի զարգացման, տարածաշրջանային էներգետիկ համագործակցության, ջերմամատակարարման, գազամատակարարման, էներգախնայողության, թվային էներգետիկայի և էներգետիկ ոլորտի կայուն զարգացմանը միտված այլ ուղղություններով։

Էներգետիկայի ոլորտի ռազմավարությունը, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտեր կորցրել էին արդիականությունը և անհրաժեշտություն էր առաջացել վերանայել ու համապատասխանացնել ժամանակի պահանջներին, ինչպես նաև մշակել ռազմավարական նոր ծրագիր և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույց: