ՀԷՑ ՓԲԸ-ն 10 մլն․ 300 հազար ՀՀ դրամ նվիրատվություն է կատարել

22 Nov 2018

ՀԷՑ ՓԲԸ-ն 2169 սահմանամերձ համայնքների ընտանիքների համար ապահովել է ավելի քան 47 մլն 906 հազար ՀՀ դրամ տարեկան էներգախնայողություն։

«Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ն «Լուսավոր Սահման» ծրագրի իրականացման փուլում կատարել է 10 մլն 300 հազար ՀՀ դրամ նվիրատվություն՝ ապահովելով տարեկան ավելի քան 47 մլն 906 հազար ՀՀ դրամ էներգախնայողություն (1,065,065 կՎտժ խնայված էլ․ էներգիա) սահմանամերձ համայնքներում։ Ծրագրի շահառուներ համարվող սահմանամերձ համայնքների 2,169 ընտանիքներում կատարվել է երկարաժամկետ էներգախնայողության ներդրում՝ 10,845 LED լամպերի տեսքով։

Հայաստանը թիրախային է համարում մինչև 2020թ. էներգախնայողության մակարդակը հասցնել 37.6%-ի:

Ծրագրի արդյունքում 27 սահմանամերձ գյուղերի շուրջ 5․000 ընտանիքների արդեն իսկ տրամադրվել են ավելի քան 25․000 բարձր որակական հատկանիշներ ունեցող, լաբորատոր ստուգաչափում անցած և 3 տարի երաշխիքային սպասարկում ունեցող LED լամպեր: Միջին հաշվարկներով, էներգախնայողությունը 27 համայնքներում տարեկան կտրվածքով կազմում է ավելի քան 3.750 մլն կՎտժ (150 մլն ՀՀ դրամ):

Առաջիկայում նախատեսվում է ևս 1․200 սահմանամերձ համայնքներում մշտապես բնակություն ունեցող ընտանիքների լեդաֆիկացում։ Սահմանամերձ համայնքներում տրամադրված 6000 LED լամպերը կապահովեն ավելի քան 26 մլն 504 հազար ՀՀ դրամ էներգախնայողություն (589,248 կՎտժ խնայված էլ․ էներգիա):

«Լուսավոր Սահման» նախաձեռնությունը Գործակալության՝ համայնքներում աղքատության կրճատման նպատակի իրականացման ծրագրային ուղղություններից մեկն է:  

Էներգետիկայի Հայկական Գործակալությունը «Լուսավոր Սահման» ծրագրի իրականացմամբ նպատակ ունի նոր մոտեցում դրսևորել սոցիալական խնդիրների լուծման հարցում և, կապիտալ ներդրում կատարելով, զարգացնել մարդկանց կարողությունները: Նման մասշտաբների և ուղղվածության ծրագիր Հայաստանում դեռևս չկա: