Հերթական դասընթացը՝ «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում
03 Apr 2019
«Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. «Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացների շարքը շարունակվում է։
«Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. «Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացների շարքը շարունակվում է։ Այս անգամ, ապրիլի 3-ին, «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի «Լուսավոր Սահման» (Լուսավոր Սահման - Bright Border) ծրագրի շրջանակներում հերթական դասընթացը անցկացվեց «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում:
Դասընթացին մասնակցում էին նյութի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերած աշակերտները: Փորձագետի հետ միասին, ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ, աշակերները քննարկեցին էներգետիկ ոլորտն ու նրա առջև ծառացած մարտահրավերները: Բացի այդ, հարստացրին իրենց գիտելիքները Հայաստանի էներգետիկ համակարգի, վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության ոլորտի ընդհանուր զարգացման հեռանկարների վերաբերյալ: Ավելին՝ նրանք նաև զարգացրին իրենց կարողությունները լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործելու առավելությունների առնչությամբ։
Աշակերտները ծանոթացան նաև «Լուսավոր Սահման» ծրագրի ընթացքին, կատարված աշխատանքներին և գիտելիքներ ստացան սոցիալական պատասխանատվության կարևորության մասին։
Առաջիկայում աշակերտներից և ուսանողներից կազմված կամավորական խմբերը հնարավորություն կունենան մասնակցելու սահմանամերձ համայնքներում լամպերի տրամադրման և հանրային իրազեկման գործնական միջոցառումներին։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ի դեկտեմբերի 1-ից, 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը, իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
Ծրագրի այս փուլում ակնկալվում են հետևյալ արդյունքները՝
- 1200 լեդաֆիկացված ընտանիքներ (6000 LED լամպ)
- 590 հազ․ կՎտԺ տարեկան էներգախնայողություն
- 26 մլն ՀՀ դրամ ծախսերի խնայողություն
- 260 տոննա կրճատված CՕ2 տարեկան
- 140-ից ավելի շահառուների կարողությունների զարգացում
- 5000-ից ավելի շահառուների տեղեկացվածության մակարդակի բարձրացում
Խոսենք նաև «Լուսավոր Սահման» բարեգործական ծրագրի գրանցած արդյունքների մասին․
27 սահմանամերձ համայնքներում բնակվող ավելի քան 5000 ընտանիքների արդեն իսկ տրամադրվել են ավելի քան 25 000 բարձր որակական հատկանիշներ ունեցող, լաբորատոր ստուգաչափում անցած և 3 տարի երաշխիքային սպասարկում ունեցող LED լամպեր: Միջին հաշվարկներով էներգախնայողությունը 27 համայնքներում տարեկան կտրվածքով կազմում է ավելի քան 3.750 մլն կՎտժ (150 մլն ՀՀ դրամ):
«Լուսավոր սահման» ծրագիրը մեկնարկել է 2016թ.-ի Նոյեմբերին՝ ի սկզբանե որպես կամավորական-հասարակական նախաձեռնություն: 2018թ.-ի հունիս ամսից գտնվում է «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամի համակարգման ներքո՝ որպես բարեգործական ծրագիր:
Համայնքները ընտրվում են համաձայն ՀՀ Կառավարության` հունվարի 15-ի, 2015թ. N 30-Ն «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից» որոշման մեջ ներկայացված ցանկի:
«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ: