Հերթական դասընթացը տեղի ունեցավ Քվանտ վարժարանում

23 Apr 2019

Ապրիլի 22-ին անցկացվեց ևս մեկ «Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. «Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթաց։

«Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. «Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացների շարքը շարունակվում է։ Ապրիլի 22-ին, «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի «Լուսավոր Սահման» (Լուսավոր Սահման - Bright Border) ծրագրի շրջանակներում հերթական դասընթացը անցկացվեց «Քվանտ» վարժարանում

Դասընթացին մասնակցում էին նախապես գրանցված աշակերտները, ովքեր իրենց հետաքրքրություն էին հայտնել թեմայի, հետագա աշխատանքների հանդեպ։ Կատարվել է ավագ դպրոցի աշակերտների նախնական գրանցում։ Փորձագետի հետ միասին, ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ, աշակերները քննարկեցին էներգետիկ ոլորտն ու նրա առջև ծառացած մարտահրավերները: Բացի այդ, հարստացրին իրենց գիտելիքները Հայաստանի էներգետիկ համակարգի, վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության ոլորտի ընդհանուր զարգացման հեռանկարների վերաբերյալ: Նրանք նաև զարգացրին իրենց կարողությունները լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործելու առավելությունների առնչությամբ։

Աշակերտները ծանոթացան նաև «Լուսավոր Սահման» ծրագրի ընթացքին, կատարված աշխատանքներին և գիտելիքներ ստացան սոցիալական պատասխանատվության կարևորության մասին։ Առաջիկայում աշակերտներից և ուսանողներից կազմված կամավորական խմբերը հնարավորություն կունենան մասնակցելու սահմանամերձ համայնքներում լամպերի տրամադրման և հանրային իրազեկման գործնական միջոցառումներին։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ի դեկտեմբերի 1-ից, 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը, իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ: