ՀՀ Արարատ մարզի սահմանամերձ համայնքները ևս լեդաֆիկացվեցին

18 Aug 2018

«Լուսավոր սահման»-ը ԼԵԴ լամպեր է տրամադրել ՀՀ Արարատի մարզի Պարույր Սևակ, Տիգրանաշեն և Երասխ սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքներին

Օգոստոսի 18-ին, «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը «Լուսավոր սահման» ծրագրի շրջանակներում ավելի քան 1500 ԼԵԴ լամպեր է տրամադրել ՀՀ Արարատի մարզի Պարույր Սևակ, Տիգրանաշեն և Երասխ սահմանամերձ համայնքներում բնակվող մոտ 300 ընտանիքների: Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրված 5-ական LED լամպերն ունեն բարձր որակական հատկանիշներ, նախապես ստուգաչափում են անցնում համապատասխան լաբորատորիաներում, ինչպես նաև գտնվում են երաշխիքային սպասարկման մեջ տրամադրման օրվանից 3 տարվա ընթացքում:


Լեդաֆիկացման գործընթացին մասնակցություն են ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ»-ի աշխատակիցները, «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» հկ, «Օպտիմում Էներջի» ՍՊԸ, «Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, կամավորներ, երիտասարդ հայ ուսանողներ տարբեր երկրների համալսարաններից:

 Միջին հաշվարկներով սույն համայնքների էներգախնայողությունը յուրաքանչյուր տարվա կտրվածքով կկազմի մոտ 7-8 մլն ՀՀ դրամ:

«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը նպատակ ունի կապիտալ ներդրում կատարելով համայնքաբնակ մեր հայրենակիցների ընտանիքներում շարունակական էներգախնայողության գործիք տրամադրել, ինչն էապես կկրճատի կոմունալ ծախսերը:

 

Ծրագրի արդյունքները:

27 սահմանամերձ գյուղերի շուրջ 5000 ընտանիքների արդեն իսկ տրամադրվել են ավելի քան 25 000 բարձր որակական հատկանիշներ ունեցող, լաբորատոր ստուգաչափում անցած և 3 տարի երաշխիքային սպասարկում ունեցող LED լամպեր: Միջին հաշվարկներով էներգախնայողությունը 27 համայնքներում տարեկան կտրվածքով կազմում է ավելի քան 3.750 մլն կՎտժ (150 մլն ՀՀ դրամ):

Ծրագիրը կայացել է բազմաթիվ կազմակերպությունների և անհատների նվիրատվությունների շնորհիվ։ Խոշոր նվիրատուներից և գլխավոր հովանավորներից է «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ն`

- 10.845 LED լամպեր,

- 2 169 լեդաֆիկացված ընտանիք,

- 10 մլն 300 հազար ՀՀ դրամ նվիրատվություն,

- 47 մլն 906 հազար ՀՀ դրամ տարեկան էներգախնայողություն (1.065.065 կՎտժ խնայված էլ․ էներգիա)։