ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը մեկնարկեց Փարիզի համաձայնագրի ներքո
10 Aug 2021
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը մեկնարկեց Փարիզի համաձայնագրի ներքո երկրի պարտավորությունների և ԱՍԳ գործընկերության պլանի իրականացմանը նվիրված խորհրդակցությունների շարքը մասնավոր հատվածի հետ:
«Նոր էներգետիկայի» ոլորտի զարգացման և բարենպաստ քաղաքականության, ֆինանսավորման գործիքների և տեխնոլոգիական առաջընթացի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ քննարկվեց պետական հաստատությունների, մասնավոր ընկերությունների և անհատ խորհրդատուների մասնակցությամբ սեմինար-խորհրդակցության շրջանակում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ։ Սույն միջոցառման նպատակն էր քննարկել պետություն-մասնավոր գործընկերության հնարավորությունները և բացահայտել մասնավոր հատվածի ներգրավվածության խոչընդոտները կլիմայի փոփոխության օրակարգի և մասնավորապես Ազգային մակարդակով սահմանված գործողություններ/ներդրումներ (ԱՍԳ) գործընկերության պլանի իրականացման գործընթացներում։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ տիկին Աննա Մազմանյանը բացման խոսքում մասնավորապես նշեց «Սա շատ կարևոր նախաձեռնություն է քաղաքականության խթանների և կառավարության ու միջազգային գործընկերների կողմից տրամադրվելիք աջակցությանը վերաբերող քննարկումներին ներգրավել Հայաստանի ջերմոցային գազերի արտանետումների շուրջ 70%-ի համար պատասխանատու ոլորտի ներկայացուցիչներին»։
«Մենք մեկնարկում ենք քննարկումների շարք, ինչի նպատակն է ներգրավել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին ոլորտի բացահայտված կարիքների վրա խարսխված քաղաքականության մշակմանը։ Հասկանալի է, որ ձեր մասնակցությունն առանցքային է նաև կլիմայական դիմադրողականությանը միտված ներդրումային ծրագրերի շուրջ մասնավոր հատվածի մասնակցության ապահովման տեսանկյունից», շեշտեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող տիկին Դիանա Հարությունյանը։
Քննարկումների ընթացքում արևային ծրագրեր իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները հատուկ ընդգծեցին կուտակային հզորությունների կառուցման կարևորությունը էներգետիկ համակարգի կայուն շահագործման համար, ինչպես նաև կարևորեցին վերականգնվող էներգետիկայի ոլորտում սակագնային քաղաքականության բարեփոխումների ու ինքնավար արտադրողների համար զարգացման երկարաժամկետ հեռանկարի ապահովման հարցերը, որպես «նոր էներգետիկայի» ոլորտի զարգացման համար առանցքային նախապայմաններ։
Նախատեսած է ևս 5 սեմինար-խորհրդակցության անցկացում՝ խորհրդատվական ընկերությունների, գործարար ասոցիացիաների, բանկային և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ անցկացվող «Մասնավոր հատվածի դերը ԱՍԳ Գործընկերության պլանի իրականացման գործընթացում» սեմինարների շարքն իրականացվում է «Ալֆա Փարթներս» ՍՊ ընկերության կողմից, որը մատուցում է կլիմայական ծրագրերի խորհրդատվական ծառայություններ։ ԱՍԳ գործընկերության պլանը միտված է համակարգել երկրի մակարդակով ԱՍԳ-ի իրականացումը և միջազգային իրականացնող մարմինների միջոցով օժանդակել Հայաստանին ԱՍԳ-ի իրականացման գործընթացում։