Մաքուր էներգիայի ներդրումները նվազում են՝ Չինաստանի ակտիվության անկման հետ մեկտեղ

17 Dec 2019

Հայացք Զարգացող Շուկաներին 2018՝ Ածուխի այրումը 104 զարգացող երկրներում հասել է ռեկորդային մակարդակի

Զարգացող երկրներում արևային, հողմային և այլ մաքուր էներգիայի նախագծերում նոր ներդրումները 2018 թվականին կտրուկ նվազել են՝ մասնավորապես Չինաստանում անկման պատճառով: Չնայած մաքուր էներգիա արտադրող կայանների քանակն ավելանում է տարեկան հաստատուն քանակությամբ՝ ածխից ստացված էներգիայի ծավալը ծայրահեղ աճ է գրանցել՝ համաձայն Climatescope-ի, 104 զարգացող շուկաներում BloombergNEF (BNEF)-ի կողմից իրականացվող ամենամյա հետազոտության։

Արդյունքները ցույց են տալիս, որ զարգացող երկրները շարժվում են դեպի մաքուր էներգիա, բայց ոչ բավականաչափ արագ, որպեսզի նվազեցվեն ածխաթթու գազի արտանետումները կամ կլիմայի փոփոխության հետևանքները։ 2018թ․-ին զարգացող երկրներում կառուցված նոր էներգաարտադրող կայանների գումարային հզորության մեծ մասը արևային և հողմային կայաններից է, սակայն արտադրված էներգիայի մեծ մասը ստացվել է հանքային վառելիքից՝ ածխաթթու գազ արտանետումներով։ Պատճառը արևային և հողմային էներգիայի սեզոնայնությունն է, մինչդեռ նավթի, գազի, կամ ածուխի հիմքով կայանները կարող են անդադար գործարկվել։

Զարգացող երկրներում ածուխի այրումից արտադրված և սպառված էներգիայի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 500 ՏՎտ/ժ-ով, ինչը հավասարազոր է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի մեկ տարվա ընդհանուր էներգիայի սպառմանը։

Չինաստանը մեծ դեր է խաղում այս վիճակագրության մեջ, որպես ածխաթթու գազի աշխարհի խոշորագույն արտանետողը և միաժամանակ մաքուր էներգիայի արտադրության և սպառման խոշորագույն շուկան։ Հողմային, արևային և փոքր հիդրո վերականգնվող էներգիայի նոր ծրագրերում ներդրումների ծավալը 2018 թ-ին նախորդ տարվա $122 միլիարդից նվազել է մինչև $86 միլիարդ։ Բոլոր զարգացող շուկաներում համընդհանուր գումարային ցուցանիշը նվազել է 2017 և նույնիսկ 2015թ․-ի ցուցանիշից։ Ընդհանուր առմամբ՝ անկումը կարելի է վերագրել նաև այս երկրներում արևային և հողմային էներգիայի ոլորտում արտադրության ծախսի նվազմանը։

Այնուամենայնիվ, բացառելով Չինաստանը, Հնդկաստանը և Բրազիլիան, մաքուր էներգիայի ներդրումները 2018 թ.-ին աճել են: Հատկանշական է, որ Վիետնամը, Հարավային Աֆրիկան, Մեքսիկան և Մարոկկոն գլխավորեցին վարկանիշային աղյուսակը ՝ 2018 թ․-ին $16 միլիարդ ընդհանուր ներդրումներով: Չնայած ածուխի հիմքով էներգաարտադրման աճին՝  զարգացող երկրներում ցանցերին միացվող նոր ածխային հզորությունների աճի տեմպերը նվազում են՝ ըստ Climatescope-ի։ Ածխային նոր էլեկտրակայանների կառուցման մակարդակը 2018թ․-ին ամենացածրն էր այս տասնամյակում։

2015թ․-ի ռեկորդային 84 ԳՎտ-ից հետո ածուխի նախագծերը 2018թ․-ին կազմել են ընդամենը 39 ԳՎտ գումարային հզորություն։ Չինաստանը այս նվազման ⅔ մասն է ապահովել։

«Զարգացող երկրներում ածուխից անցումը մաքուր էներգիայի ընթացքի մեջ է», - ասել է Իթան Զինդլերը՝ BNEF-ում Հվ․ և Հս․ Ամերիկաների տարածաշրջանային ղեկավարը։ «Բայց ինչպես հսկա նավթային բեռնատարի շրջադարձելը՝ այս անցումը ժամանակ է պահանջում։»

Climatescope-ի արդյունքների հրապարակմանը անմիջապես կհաջորդեն Մադրիդում ՄԱԿ-ի աջակցությամբ ԱՄՆ-ի հետ կլիմայի փոփոխության վերաբերյալ բանակցությունները։ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) 2015 թ․-ի Փարիզի կլիմայի համաձայնագրով ավելի քան 190 երկիր պատրաստակամ են զգալիորեն նվազեցնել CO2 արտանետումների իրենց չափաբաժինը` կլիմայի փոփոխության աղետալի հետևանքներից խուսափելու համար: Բացի այդ, համաձայն պայմանագրի, հարուստ երկրները խոստացել են «հյուսիս-հարավ» ֆինանսավորման շրջանակում $100 միլիարդ տրամադրել զարգացող երկրներին՝ վերջիններիս կայուն զարգացմանն աջակցելու նպատակով:

Հետազոտության արդյունքները վկայում են, որ նշված պարտավորության կատարման համար կպահանջվի էական լրացուցիչ աշխատանք՝ չնայած որոշ առաջընթացի։

Զարգացող երկրներում մաքուր էներգիայի նոր նախագծերի մշակմանն ուղղված ընդհանուր 133 միլիարդ դոլար ակտիվների ֆինանսավորումից միայն 24,4 միլիարդը կամ 18%-ն է ստացվել արտաքին աղբյուրներից: Մեծ մասը ֆինանսավորվել է կապիտալի մասնավոր աղբյուրներից՝ միջազգային նախագծերի մշակողներ, առևտրային բանկերը և մասնավոր բաժնային ֆոնդեր: Զարգացման բանկերից ներգրավված ներդրումները, որոնք հիմնականում ֆինանսավորվում են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (OECD) պետական միջոցներով, 2018 թ.-ին հասել են ռեկորդային 6.5 միլիարդ դոլարի: