Տավուշի մարզի լեդաֆիկացում՝ ամփոփիչ միջոցառում
31 May 2019
Խոսում ենք այս փուլի գրանցված արդյունքների և հաջողությունների մասին
Մայիսի 31-ին տեղի ունեցավ «Լուսավոր սահման» ծրագրի այս փուլի ամփոփիչ միջոցառումը։ Միջոցառման նպատակն էր արձանագրել գրանցված արդյունքները, կնքել հուշագրեր գործընկեր ուսումնական հաստատությունների հետ և իհարկե տոնել գրանցած հաջողությունները։ Միջոցառմանը ներկա էին ԲՈՒՀ-երի և ավագ դպրոցների ղեկավար կազմը, որոնք պանելային քննարկման ընթացքում փաստեցին նման ծրագրերի կարևորությունը ուսանողների ու աշակերտների շրջանում էներգետիկ ոլորտի, էներգախնայողության վերաբերյալ գիտելիքի ընդլայնման ու սոցիալական պատասխանատվության բարձրացման տեսանկյունից։ Միջոցառմանը ներկա էին նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, լեդաֆիկացված Կոթի գյուղի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն ու լեդաֆիկացված Բերդավան գյուղի համայնքապետարանի առաջատար մասնագետ Գևորգ Վրացյանը։ Պանելային քննարկմանը նրանք փաստեցին ծրագրի կարևորությունը սահմանամերձ գյուղացու համար թե՛ ֆինասական, թե՛ բարոյահոգեբանական աջակցության տեսանկյունից: Լեդ լամպերի կիրառման արդյունքում նկատվեց ֆինանսական բեռի զգալի թոթափում: Ինչպես նշեց Տավուշի մարզի Կոթի սահմանամերձ գյուղի գյուղապետ Ֆ. Մելիքյանը, հայրենակիցների այսպիսի վերաբերմունքից սահման պահող ընտանքիներն իրենց առավել պաշտպանված և ուժեղ են զգում։ Իսկ Գ. Վրացյանը կարևորեց երևանաբնակ ու սահմանամերձ գյուղերում բնակվող երիտասարդների միջև կապի ստեղծումն ու փորձի փոխանակումը։ Հանձնվեցին շնորհակալագրեր համայնքներին և ուսումնական հաստատություններին արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև հավաստագրեր կամավորներին։ Հիշարժան էր նաև վերջին քննարկումը կամավորների հետ, ովքեր բացահայտեցին իրենց մեջ հոգատար, հայրենասեր անհատի՝ պատրաստ իր ներդրումն ունենալու սահմանամերձ գոտում ապրող հայրենակիցների կյանքի որակի բարելավման գործում, քանզի Հայրեինքը սկսվում է սահմանից։
Հիշեցնենք, որ «Լուսավոր սահման» ծրագրի այս փուլում լեդաֆիկացվեց Տավուշի մարզի Կոթի և Բերդավան սահմանամերձ գյուղերը:
Ընդհանուր առմամբ 1350 ընտանիքի տրամադրվեց 6750 լեդ լամպեր: Նախքան լեդաֆիկացումը անցկացվեցին դասընթացներ էներգետիկ համակարգի ու էներգախնայողության վերաբերյալ 8 ուսումնական հաստատություններում 195 ուսանողների հետ, ինչպես նաև 5 կլոր սեղան քննարկումներ 95 մասնակիցների հետ:
«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ից իրականացվում է «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամի կողմից, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU Armenia) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (Eurasia Partnership Foundation-Armenia) ՔՀ Կամուրջ ծրագրի (Bridge for CSOs) շրջանակներում՝ Եվրոպական միության (European Union in Armenia) ֆինանսավորմամբ:
«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ: