Ծառայողական էլեկտրամոբիլները՝ Հայաստանի կառավարության համար
08 May 2019
ՀՀ կառավարությունը մտադիր է անցում կատարել ծառայողական էլեկտրամոբիլների օգտագործման
Հայաստանը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ է ուղարկել ծրագիր, որով կառավարությունը բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ անցում կկատարի էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների օգտագործման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով Արտյոմ Ծառուկյանի հարցին, թե նախարարությունն իր հաշվեկշռում քանի մեքենա ունի և արդյոք պլանավորում է անցում կատարել էլեկտրական շարժիչով մեքենաների օգտագործման՝ բնապահպանական նպատակով:
«Մենք միացել ենք Global electric mobility գործընթացին, որն իրականացվում է ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ներքո: Ունենք համապատասխան դրամաշնորհային գումարներ՝ մոտ 700 հազար դոլարի կարգի: Ներկայացրել ենք ծրագիր, որը կլինի աշխարհում առաջինը, և ծրագրով առաջարկում ենք, որ ամբողջ կառավարությունն անցնի էլեկտրամոբիլների: Ծրագրի նախնական փաստաթուղթն ուղարկվել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ, որն այդ ծրագիրը կֆինանսավորի »,-ասաց նախարարը:
Նախարարը նաև նշեց, որ եթե ընթացակարգերը պահպանվեն, այս տարվա վերջին բոլոր նախարարները կնստեն էլեկտրամեքենաներ: Եվ դա կիրականացվի բնապահպանական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: