49 կետով բարելավվել է էլեկտրաէներգիայի ցանցին միանալու ցուցիչի դիրքը

02 Nov 2018

Doing Business 2019 զեկույցում «էլեկտրաէներգիայի ցանցին միանալու» ցուցիչը 49 կետի աճ է արձանագրել

Հայաստանի Հանրապետությունը 6 կետով բարելավել է իր դիրքը Համաշխարհային Բանկի «Գործարարություն 2019» (Doing Business) զեկույցում և գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշով, զբաղեցնելով 41-րդ տեղը՝ նախորդ տարվա զեկույցում 47-րդի համեմատ։
Doing Business հաշվետվությունը երկրներին դասակարգում է ըստ տարբեր կատեգորիաների՝ պայմանավորված բիզնեսի ստեղծման և կայացման ընթացակարգերի մատչելիությամբ:

Հատկանշական է այն հանգամանքը, որ այդ կատեգորիաներից էլեկտրաէներգիայի ցանցին միանալու ցուցիչը «Գործարարություն 2019» (Doing Business) զեկույցում արձանագրել է աննախադեպ՝ 49 կետի աճ և զբաղեցնում է 17-րդ տեղը՝ նախորդ հաշվետվության 66-րդ տեղի համեմատ։

Ցուցիչի նման աճի տեմպերը պայմանավորված են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից տարվող ոլորտի համակարգման և զարգացման քաղաքականության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տարվող քաղաքականության, պետություն- մասնավոր հատված արդյունավետ երկխոսության, հատկապես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գործադրած ջանքերի և ծառայությունների մակարդակի բարձրացման, ինչպես նաև ընթացակարգերի պարզեցման և ժամկետների կրճատման հետ։

«Գործարարություն 2019» (Doing Business) զեկույցում վերլուծված են 2017թ․ մայիսից 2018թ․ մայիս ընկած ժամանակահատվածի տվյալները։

Համեմատության համար նշենք, որ «Գործարարություն 2015» (Doing Business) զեկույցում էլեկտրական ցանցին միանալու ցուցիչը գտնվում էր 131-րդ տեղում, ինչը նշանակում է դիրքի բարելավում 114 կետով 5 տարիների ընթացքում։