Հայկ Հարությունյանի հարցազրույցը Գոլոս Արմենիի թերթին

25 Jan 2019

«Մենք հասել ենք այն արդյունքին, որ Հայաստանն ունի ամենացածր արևային էներգետիկայի սակագինը ԵՄ-ում»,- ԷՀԳ հիմնադրամի հիմնադիր Հայկ Հարությունյան։

Գոլոս Արմենիի թերթի լրագրողի հետ Էներգետիկայի Հայկական Գործակալության Հիմնադիր և Հոգաբարձուների Խորհրդի Նախագահ Հայկ Հարությունյանի հարցազրույցի հայերեն տարբերակն ամբողջությամբ։ 

Էներգետիկ Ենթակառուցվածքների և Բնական Պաշարների նախկին փոխնախարար և ՌԴ արևային էներգետիկայի զարգացման՝ դրական իմաստով երկրպագու Հայկ Հարությունյանի հետ ծանոթացանք Մոսկվայում 2018թ․ նոյեմբերի 22-ին կայացած  Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից կազմակերպված «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա» XIII միջազգային կոնֆերանսի շրջանակներում: ԵԱՏՄ բոլոր երկրների համար ամենահետաքրքրաշարժ և կարևորագույն թեմաներից մեկին՝ Վերականգնվող Էներգետիկ (ՎԷ) աղբյուրների զարգացմանը նվիրված հատվածում ելույթ ունեցավ պարոն Հարությունյանը, ով, թողնելով պետական պաշտոնը, վերջերս հիմնադրել է Էներգետիկայի Հայկական Գործակալությունը։ Նիստից առաջ նա համաձայնեց բացառիկ հարցազրույց տալ մեր թղթակցին։

 

-Պարո՛ն Հարությունյան, Դուք, Էներգետիկ Ենթակառուցվածքների և Բնական պաշարների փոխնախարարի պաշտոնը թողնելով, շարունակում եք զբաղվել սիրված գործով՝ արևային էներգետիկայի և այլ ՎԷ ռեսուրսների զարգացմամբ՝ հիմնադրելով ԷՀԳ հիմնադրամը։ Ինչի՞ մասին եք խոսելու համագումարի նստաշրջանի ընթացքում։

- Այո՛, շարունակում եմ զբաղվել գործով, որի նկատմամբ հավատ ունեմ։ Իսկ նստաշրջանի ընթացքում կներկայացնեմ ինչպես հասանք այս արդյունքին Հայաստանում․ ինչպես հասանք արևային էներգիայի նվազագույն սակագնին՝ ոչ միայն ԵԱՏՄ տարածքում, այլև Եվրոպայում, հնարավոր է` նաև աշխարհում։ Հասանք սակագնի, որը ներգրավում է օտարերկրյա ներդրողներին դեպի Հայաստան, ինչը նաև շահավետ է Կառավարությանը: Եթե ներկայիս ղեկավարությունը շարունակի միջազգային մրցույթների գործարկումը, ապա վստահ եմ, որ հաջորդ աճուրդին կստանանք ավելի ցածր սակագնային առաջարկ քան ներկայիս սակագինն է (4 ԱՄՆ դոլար ցենտ 1 կՎտ/ժ-ի համար)։

- Ինչի՞ շնորհիվ դա հաջողվեց․ մի՞թե արդյունքի հիմքում տարեկան 307 արևային օրերն են ընկած։

- Այո՛, առաջնայինը  մեր երկրի կլիմայական պայմաններն են։ Ճիշտ է, Հայաստանի տարածքում արևային էներգիայի ներուժը համատարր չէ․ կան տարածքներ (օրինակ՝ Տավուշում), որտեղ 1 կՎտ/ժ արևային էներգիայի արտադրությունը նույնն է ինչ Մոսկվայի տարածքում։ Այնպես, որ Հայաստանի ոչ ամբողջ տարածքն է նպատակահարմար արևային էներգետիկայի համար, սակայն տնօրինում ենք բավականին առատ քանակությամբ նպատակային տարածքների․ դրանք մասնավորապես Սևանա լճի շրջակայքում լեռնային հատվածներն են, որտեղ կարելի է կազմակերպել հազարավոր ՄՎ հզորությամբ արտադրություն։ Բացի այդ, Հայաստանում ստեղծվել է արդյունավետ օրենսդրական դաշտ․ առկա է արևային էներգետիկ ռեսուրսներից արտադրված էլ․էներգիայի պարտադիր գնման մինչև 20 տարվա պետական երաշխիք, մշակվել են ֆինանսական գործիքներ հատուկ այս ոլորտի գործարկման համար։ Բոլոր կարգավորումների հիմքում շուկայական սկզբունքներն են և հավասարազոր շուկայական պայմանները, երբ գործարքների կոռումպացման և բացթողումների հավանականությունը նվազագույնն է, ինչը էլ ավելի է բարձրացնում միջազգային ներդրողների վստահության մակարդակը այս ոլորտում։Սա միայն մեր գնահատականը չէ։ Այսպես, Միջազգային էներգետիկ Խարտիան ներկայացնում է էներգետիկ համակարգի ներդրումային միջավայրի տարեկան գնահատում, և Հայաստանը պատվավոր հորիզոնականներ է զբաղեցնում այս վարկանիշային աղյուսակում։ Այսինքն, մենք իրապես բարվոք պայմաններ ենք ստեղծել ներդրողների համար։ Եվ այս ամենի արդյունքում ստացվում է, որ հնարավորություն ունենք ներդրումներ ներգրավելու նույնիսկ այդքան ցածր սակագնի դեպքում։ Ցանկացած երկիր սկզբունքորեն կարող է ներդրումներ ներգրավել արևային էներգետիկայի ոլորտ՝ առաջարկելով, օրինակ՝ 10 ցենտ 1 կՎտ/ժ-ի համար, սակայն մեզ հետաքրքրում են ինստիտուցիոնալ մակարդակի ներդրողներ՝ պրոֆեսիոնալ, կայուն, ովքեր  Հայաստանից կակնկալեն չափավոր եկամտաբերություն ցածր ռիսկայնության պայմանում։

- Քննարկման ընթացքում խոսելու եք հիմնականում արևային էներգիայի մասի՞ն, թե կքննարկեք նաև այլ ՎԷ ռեսուրսները՝ քամու, ջրային, երկրաջերմային էներգիա։

- Ժամանակը սահմանափակ է, ուստի առավելապես ներկայացնելու եմ մեր փորձը արևային էներգետիկայի ոլորտում՝ հաշվի առնելով, որ այլ ՎԷ աղբյուրների ոլորտներում քայլերը միանման են։ Օրինակ՝ փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) ոլորտում մենք գործնականորեն սպառել ենք համակարգի հնարավորությունները, սակայն այստեղ օրվա դրությամբ արդյունավետության բարձրացման մեծ ներուժ կա։ Գործակալությունը ակտիվորեն զբաղվում է նաև այս խնդրով, սերտորեն համագործակցելով բոլոր ՓՀԷԿ-երի հետ, պատրաստում ենք էներգաարդյունավետության բարձրացմանը ուղղված ներդրումային ծրագրեր։

- Կա՞ն արդյոք արևային էներգետիկայի և այլ ՎԷ ոլորտների զարգացման որևէ կանխատեսվող ցուցանիչներ, որոնց կարելի է հասնել որոշակի ժամանակահատվածում։

- Տեսեք, 40 ՄՎ դրվածքային հզորությամբ ապահովվում է ներքին սպառման շուկայի էլեկտրաէներգիայի 1%-ը։ Այս տարվա վերջում արդեն կունենանք 20 ՄՎ․ Նշանակալի է, որ 2017թ․-ին ոլորտի աճը կազմել է 700%, այս տարի կկազմի 350%, և հաջորդ տարում արևային էներգիայից կստացվի համընդհանուր արտադրության 1,5%-ը։ Կանխատեսվում է, որ 2023թ․-ի դրությամբ արևային ներգիայի տեսակարար կշիռը կհասնի 20%-ի (կամ 1000 ՄՎ), իսկ այս դրվածքային հզորության գրեթե կեսը, ավելի կոնկրետ 40%-ը կկառուցվեն տների տանիքներին՝ տնային տնտեսությունների համար, իսկ 60%-ը կլինեն արտադրական կամ ինքնավար կայանները։ Կրկնում եմ, սա պաշտոնական կանխատեսում չէ․ այն պետք է հրապարակվեր այս տարի ապրիլին, սակայն Կառավարության փոփոխություն տեղի ունեցավ և այժմ նոր ղեկավարությունը պատրաստվում է փոխել կանխատեսումը։

- Թվում է՝ Դուք հավանություն չեք տալիս Հայաստանում նոր ՋԷԿ-երի կառուցմանը և ոլորտի ընդլայնմանը։

- Տեսեք, ՀրազՋԷԿ-ի 4 բլոկերի արտադրության սակագինը 1 կՎտ/ժ-ի համար 40 ՀՀ Դրամ է, 5-րդ բլոկը տրամադրում է 32 ՀՀ դրամ, իսկ Գեղարքունիքի մարզի Մասրիկ արևային կայանի արտադրությունը կունենա 20 ՀՀ դրամ սակագին։ Այսպիսով, արևային էներգիան ջերմային էներգիայից 2 անգամ ավելի մատչելի է։ Այդ պատճառով մասնավոր հատվածի հետաքրքրությունը արևային էներգետիկայի ոլորտում անընդհատ աճում է։

ք․ Մոսկվա