
Հայաստանի ՎԷ ոլորտն առաջատար է ԵԱՏՄ երկրների շրջանում
23 Nov 2018
Հայկ Հարությունյանը ներկայացրել է ՎԷ զարգացման Էներգետիկայի Հայկական Գործակալության տեսլականը «Եվրասիական Տնտեսական Ինտեգրացում» XIII ամենամյա միջազգային համաժողովին
2018 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում կայացած «Եվրասիական Տնտեսական Ինտեգրացում» XIII ամենամյա միջազգային համաժողովում «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամի Խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը հանդես է եկել որպես հրավիրված խոսնակ «Էներգետիկա՝ հավասարակշռելով ավանդական և նորագույն էներգիայի աղբյուրները» նստաշրջանի շրջանակներում։
Հ. Հարությունյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի կառուցվածքային առանձնահատկությունները, ինչպես նաև կիսվել Էներգետիկայի Հայկական Գործակալության տեսլականով վերականգնվող էներգետիկայի զարգացման ու ապագայի առնչությամբ:
Միջոցառման մասնակից- երկրները փաստել են, որ Հայաստանը զբաղեցնում է առաջատար դիրքեր ԵԱՏՄ երկրների շրջանակներում վերականգնվող էներգետիկայի զարգացման տեմպերով:
Եվրասիական Զարգացման Բանկի հովանավորությամբ անցկացված համաժողովին մասնակցում էին նախարարությունների և գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարներ, ազգային ընկերությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, բանկի անդամ երկրների ակադեմիական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, գիտնականներ եւ փորձագետներ արտերկրից:
2008թ․-ից անցկացվող ամենամյա համաժողովը արդյունավետ հարթակ է ֆինանսական կառույցների, պետական և մասնավոր հատվածների ընկերությունների հաղորդակցության և փորձի փոխանակման համար։