ՀՀ արևային Էներգետիկայի առաջընթացը՝ 2019 թ. 1-ին կիսամյակ
15 Aug 2019
2019թ. առաջին կիսամյակային ամփոփիչ տվյալները Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտում
Ինքնավար Էներգաարտադրողներ
2019թ. առաջին կիսամյակում էլեկտրական էներգիա արտադրող մինչև 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանների ընդհանուր թիվը հասել է 10-ի, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է շուրջ 8 ՄՎտ, իսկ հողմային էլեկտրակայանների թիվը՝ 3-ի, շուրջ 2.9 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ:
Արևային ջերմային էներգիա
Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում 2017թ. օգոստոսին մեկնարկել է «Էներգաարդյունավետ» վարկային ծրագիրը, որի շրջանակներում 30.06.2019թ. դրությամբ ՀՎԷԷՀ -ի կողմից վարկավորման համար դրական եզրակացություն է տրվել 2685 արևային ջրատաքացուցիչների և 115 արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրմանը: Վարկավորման գումարը կազմում է շուրջ 1236.7 մլն ՀՀ դրամ:
«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայան
Հիշեցնենք, որ արևային էներգիայի զարգացման խթանման նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզի Մասրիկ տեղանքում սկսվել է Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցումը՝ 55 ՄՎտ պիկային հզորությամբ: 2018 թվականին «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ն ստացել է էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության լիցենզիա, իսկ ներդրումների ծավալը գնահատվել է մոտ 58 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ կառավարության 2019թ. մարտի 29-ի թիվ 326-Լ որոշմամբ համաձայնություն է տրվել համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողամասից լրացուցիչ 32.6591 հեկտար մակերեսով հողամասը պետություն-համայնք-մասնավոր համագործակցության շրջանակներում ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն:
ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 2-ի թիվ 507-Ն որոշման համաձայն երկարաձգվել է
ՀՀ կառավարության և «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ի միջև 2018թ. հուլիսի 18-ին կնքված «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում կառավարության աջակցության համաձայնագրի» «Ֆնանսավորման Ամփոփման Ծայրահեղ Ամսաթվի» ժամկետը:
Մշակվել և շրջանառության մեջ է դրվել ««Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագիծը գրությամբ ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական-իրավական փորձաքննության: