Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղն ամբողջությամբ լեդաֆիկացված է

13 May 2019

Մայիսի 5-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղը ամբողջությամբ լեդաֆիկացվեց Լուսավոր սահման ծրագրի շրջանակներում

Ս.թ. մայիսի 5-ին Տավուշի շրջանի Բերդավան սահմանամերձ համայնքի բոլոր տնային տնտեսություններին Լուսավոր Սահման ծրագրի շրջանակներում տրամադրվեցին բարձրորակ, երեք տարվա երաշխիք ունեցող հնգական LED լուսադիոդիային լամպեր։ Ընդհանուր առմամբ 896 ընտանիքի տրամադրվեց 4480 LED լամպեր։ 35 հոգուց բաղկացած կամավորական խումբը և Էներգետիկայի Հայկական Գործակալության աշխատակազմը անձամբ իրականացրեցին գործընթացի մի մասը՝ իրազեկելով էներգախնայողության և էներգաարդյունավետության մասին։

Համայքի ղեկավար կազմը և բնակիչները ներկա էին լեդաֆիկացմանը, օժանդակում էին աշխատանքներին ու պատմում Բերդավանի պատմության, մարտահրավերների ու հերոսական ուղու մասին։ Բերդավանը (նախկինում` Ղալաչա) գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

Կամավորների խումբը բաղկացած էր մարտ-ապրիլ ամիսներին Էներգետիկայի հայկական գործակալության կողմից կազմակերպած «Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. «Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացներին մասնակցած ավագ դպրոցի աշակերտներից, ուսանողներից, ինչպես նաև նախկին կամավորներից, ովքեր լեդաֆիկացրել էին այլ սահմանամերձ համայնքներ։ Կամավորները ներկայացնում էին Շիրակացու Ճեմարանը, Գիտությունների Ազգային Ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնը, Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցը, ՀԱՊՀ ավագ դպրոցն ու համալսարանը և այլն։

Կամավորները նշեցին, որ պատիվ էր լինել այս նախաձեռնության մի մասը, ներդրում ունենալ ծրագրի իրականացմանը, հնարավորություն ստանալ կիսվել դասընթացների ընթացքում ստացած տեսական գիտելիքներով ու հպարտ են, որ ճանաչեցին ընկերացան սահմանապահ գյուղացու հետ, տեղում ծանոթացան սահմանապահի առօրյա խնդիրների ու պատմությունների հետ։ Կամավորների մեծ մասը, որ առաջին անգամ էին սահմանամերձ համայնք այցելում, ընկերացան երիտասարդների հետ, ոգեշնչվեցին՝ տեսնելով սահմանահ գյուղացու անտոկուն կամքի ուժը, հայենասիրությունը ու նվիրվածությունը։ Շատերը պատրաստակամություն հայտնեցին կրկին այցելել արդեն այլ նախաձեռնություններով։

Բերդավանի բնակիչները շնորհակալ էին և ուրախ այցելության, ուշադրության համար։ Ակնկալիք հայտնեցին, որ տրամադրված LED լուսադիոդային լամպերը կթեթևացնեն նրանց ֆինանսական բեռը։ Հիշեցնենք, որ Լուսավոր սահման ծրագրի ընթացքում ընտրված են 37 սահմանամերձ համայնքներ, որոնցից զգալի մասն արդեն լեդաֆիկացվել է։ Բերդավանը 29-երրորդն էր։ Համայնքները ընտրվում են համաձայն ՀՀ Կառավարության 15 Հունվարի 2015թ. N 30-Ն «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից» որոշման ցանկի:

«Լուսավոր սահման»-ը մեկնարկել է 2016թ. նոյեմբեր ամսին, ի սկզբանե որպես կամավորական-հասարակական նախաձեռնություն: 2018թ. հունիս ամսից գտնվում է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի համակարգման ներքո որպես բարեգործական ծրագիր: «Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ի դեկտեմբերի 1-ից, 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը, իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ: