Էլեկտրոմոբիլների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից

17 Jan 2019

ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը ԱԱՀ-ից ազատելու նախա­գծին

Հունվարի 17-ին ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավա­րու­թյան օրեն­սդրական նախա­ձեռ­նությանը, ըստ որի էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից: Նախատեսվում էր, որ նախագիծը կգործի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: 

ԷՀԳ Հիմնադրամը ՄԱԶԾ ԳԷՀ Փոքր Դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ 2018թ․-ի Նոյոմբերի 15-ին մեկնարկել է PLUG.am ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որի հիմնական նպատակն է զարգացնել էլեկտրական մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքները՝ խթանելով էլեկտրոմոբիլների շուկայի զարգացմանը Հայաստանում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել լիցքավորման կայանների ցանց, կազմված 2-րդ մակարդակի 7-22 կՎտ հզորությամբ 23  լիցքավորման կայաններից որոնք հասանելի կլինեն Հայաստանի ողջ տարածքում։ Նախագիծը ողջունվել է ՀՀ պետական կառույցների կողմից։

Նոյեմբերի 1-ին ՀՀ Բնապահպանության Նախարարության կողմից առաջարկվել էր օրենսդրական փոփոխության նախագիծ՝ միտված խթանելու էլեկտրոմոբիլների շուկայի ակտիվացումը։ 

Ըստ նախագծի` ՀՀ հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածում առաջարկվել է կատարել լրացում՝ ներառելով լիովին էլեկտրական էներգիայով աշխատող մեքենաների ներմուծումը ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում, եթե դրանք ներմուծման օրվան հաջորդող 365 օրվա ընթացքում չեն արտահանվում (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններ): Նշված մոտեցումը ուղղված է ԵՏՄ անդամ մյուս պետություններ արտահանումը կանխարգելելուն, առևտրային արբիտրաժից խուսափելուն։ Նախատեսվում էր, որ նախագիծը կգործի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: 

Ներմուծման ԱԱՀ-ից ազատման նպատակը ջերմոցային գազերի արտանետումների կրճատումն է, օդի աղտոտվածության և աղմուկի նվազեցումը։

Պաշտոնական տվյալներով՝ այս պահի դրությամբ ՀՀ-ում էլեկտրոմոբիլների քանակը չի գերազանցում մի քանի տասնյակը։ Մինչդեռ վերոհիշյալ նախագծի շնորհիվ էլեկտրական մեքենաների ձեռքբերումը նոր թափ կստանա ԱԱՀ-ի բեռից ազատման դեպքում։